ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼ 7, 24News
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Մայրության և գեղեցկության տոնի առթիվ․
«Թանկագին մայրեր, տիկնայք, դուստրեր ու քույրեր, Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Մայրության և գեղեցկության օրվա առիթով։
Այս օրը ևս մեկ առիթ է նորովի արտահայտելու մեր անսահման սերը, հիացմունքն ու ակնածանքը ձեր նկատմամբ։ Անուրանալի է կնոջ դերը ընտանիքում, երեխաներին դաստիարակելու ու կրթելու, սերունդների հանդեպ հարգանք և ուշադրություն ձևավորելու, հայրենիքի և ազգի հանդեպ սեր ու նվիրում արմատավորելու և ամրապնդելու գործում, մեր կյանքի բոլոր ոլորտներում, քաղաքական ու հասարակական ասպարեզում։ Հայ կինը մեր ժողովրդի դարավոր ավանդույթների կրողն ու փոխանցողն է, մեր արժեհամակարգի պահապանը, մեր ինքնության առանցքը։
Ի սրտե մաղթում եմ ձեզ առողջություն, արևշատություն, սեր և լավատեսություն, իսկ բոլորիդ օջախներին՝ խաղաղություն, երջանկություն ու համերաշխություն»,- ասված է շնորհավորական ուղերձում։
--00—ԼՄ