ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 8, 24News
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն իր զորակցությունն է հայտնում Արամ Սիմոնյանի ընտանիքի անդամներին, հարազատներին, մտերիմներին՝ մաղթելով համբերություն ու տոկունություն:
Արամ Սիմոնյանը, լինելով պատմաբան, հեղինակել է բազմաթիվ գիտական աշխատություններ՝ իր ներդրումն ունենալով հայագիտության զարգացման գործում: Նրա գիտական աշխատությունների առանցքում հայ ժողովրդի՝ XIX դարի երկրորդ կեսի և XX դարասկզբի պատմության հիմնահարցերն էին:
Արամ Սիմոնյանը 2006-2019 թվականներին եղել է Երևանի պետական համալսարանի ռեկտոր, հիմնել և որպես տնօրեն ղեկավարել է ԵՊՀ հայագիտական հետազոտությունների ինստիտուտը:
Նա արժանացել է ՀՀ գիտության վաստակավոր գործչի կոչման, մի շարք պարգևների, որոնց թվում՝ «Մովսես Խորենացի» մեդալի, «Վաչագան Բարեպաշտ» մեդալի, Ղազախստանի և Թուրքմենստանի պետական պարգևների:
Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր 67 տարեկանում կյանքից հեռացել է ԵՊՀ նախկին ռեկտոր, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Արամ Հրաչիկի Սիմոնյանը:
Համաձայն ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանի՝ հունիսի 8-ի 109/11-Ա հրամանի՝ Արամ Սիմոնյանի մահվան կապակցությամբ ստեղծվել է թաղման հանձնաժողով:
--00—ԼՄ