Տնտեսական շոյող թվեր պետք չեն մեզ, որոշում կայացնողն էլ պետք է իրական պատկերով առաջնորդվի

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 16, 24News

14847a4b-7858-483f-89f9-269fcf7ba19a.jpg

Նիկոլ Փաշինյանի հայտարարություններն ու իրականությունը երբեմն իրար հետ աղերս չեն ունենում, գուցե ցանկալին որպես իրականություն ներկայացնելու ձգտումն է պատճառը։ Այս մասին 24News-ին ասաց Քրիստոնեա-դեմոկրատական կուսակցության նախագահ, ՀՀ Ազգային ժողովի նախկին պատգամավոր, ՀՀ նախկին վարչապետ Խոսրով Հարությունյանը՝ անդրադառնալով Փաշինյանի հայտարարած` տնտեսությանը վերաբերող թվերին։



Վարչապետի պաշտոնական կայքում հրապարակված հաղորդագրության համաձայն՝ Փաշինյանը երեկ ընդունել էր Եվրոպական միության և ԵՄ անդամ երկրների Արևելյան գործընկերության հարցերով հատուկ բանագնացների պատվիրակությանը: «Նիկոլ Փաշինյանը հավելել է, որ մեր երկիրն Աշխարհի տնտեսական ազատության ինդեքսում 165 երկրների շարքում զբաղեցնում է 11-րդ հորիզոնականը», - ի թիվս այլնի՝ նշված էր հաղորդագրության մեջ:



Այս տարվա սեպտեմբերի 8-ին Կանադայում գործող «Fraser Institute» հետազոտական կենտրոնը Տնտեսական ազատության մասին զեկույց է հրապարակել, որի համաձայն՝ Հայաստանը 11-րդ տեղում է 165 երկրների շարքում։ Սակայն զեկույցն արտացոլում է 2020 թվականի իրավիճակը։ Իսկ Ամերիկայի Միացյալ Նահանգների «Հերիթեյջ» հիմնադրամի (The Heritage Foundation)՝ փետրվարին հրապարակված «Տնտեսական ազատության ինդեքս - 2022» զեկույցում Հայաստանը 32-րդ տեղից նահանջել է 26 հորիզոնականով՝ հայտնվելով 58-րդ տեղում 177 երկրների շարքում։ Այն արտացոլում է 2020 թվականի հուլիսի 1-ից 2021 թվականի հունիսի 30-ը ընկած ժամանակահատվածի իրավիճակը։



ՀՀ նախկին վարչապետ Խոսրով Հարությունյանի խոսքերով՝ «11-րդ հորիզոնական» նշելու համար հավանաբար հիմք էր հանդիսացել գործադիրի կողմից արձանագրված 14․1% տնտեսական աշխուժության ցուցանիշը, որը, սակայն, պայմանավորված չէ կառավարության նախաձեռնություններով։ «Պայմանավորված է այն հանգամանքով, որ ամռանը Ռուսաստանից Հայաստան ժամանեցին հսկայական թվով քաղաքացիներ, որոնք խուսափում էին զորակոչից։ Նրանք իրենց հետ բերեցին հսկայական ֆինանսական միջոցներ, որոնք մտան ակտիվ շրջանառության մեջ։



Եթե տնտեսական աշխուժությունը կառավարության ջանքերով լիներ, նույնպիսի արդյունք պետք է լիներ գյուղատնտեսության ոլորտում, որում կառավարությունը, կարծես թե, փորձում է ինչ-որ քայլեր կատարել՝ բարեփոխումներ իրականացնելու, արդյունավետությունը, արտադրողականությունը բարձրացնելու ուղղությամբ», - նշեց Հարությունյանը։ Ըստ գործչի՝ կա՛մ ՀՀ էկոնոմիկայի նախարարությունն է մոլորության մեջ գցում Փաշինյանին, կա՛մ նա է հաճելիորեն ընդունում այդ նորությունները։



«ՀՀ տնտեսության վիճակը 2020-ին առանձնապես լավը չէր։ Կառավարությունն արդեն խրոնիկապես թերակատարում է իր իսկ բյուջեով նախատեսված կապիտալ ներդրումների ուղղությամբ ծախսերը։ Դա արդեն դարձել է խրոնիկ հիվանդություն։ 2019-ին չի կատարվել, 2020-ին կատարվել է 50%-ով, 2021-ին՝ նույնպես մոտ 50-ով։ Եվ այսօր էլ կապիտալ ծախսերը զիջում են պլանավորվածին»։ Խոսրով Հարությունյանն ասաց, որ, համենայնդեպս, ԵՄ փորձագետները, մասնագետները հալած յուղի տեղ չեն ընդունում նման թվերը․ «Իհարկե, չեն արտահայտվի վարչապետի ներկայությամբ, չեն խոսի դրա մասին, բայց իրենց համար եզրակացություններ կանեն՝ որքանով է լուրջ դիմացի պարտնյորը։ Այնպես որ, ճիշտ կլինի իրականությունը ներկայացնել, ինչպես որ կա։



Ընդ որում, ԵՄ-ի հետ Հայաստանի ստորագրած վերջին համաձայնագիրը ռեալ հնավորություն է տալիս Եվրոպական շատ կառույցների ակտիվ մասնակցություն ունենալ Հայաստանում»։ «Մեզ պետք չեն շոյող թվեր, պետք է իրական պատկերը։ Եթե քաղաքական որոշում կայացնողն այդ իրական պատկերի վրա որոշում չի կայացնում, ավելի ենք հեռանում տնտեսությունը զարգանալու անշրջելի նախադրյալներ ստեղծելուց», - ընդգծեց ՀՀ նախկին վարչապետը։



--00—ԶՀ