ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 14, 24News
Ադրբեջանի կողմից Արցախը Հայաստանի հետ կապող ճանապարհի և գազամատակարարման արգելափակման հետևանքով Արցախի Հանրապետությունում առաջացել է բենզինի, դիզվառելիքի, հեղուկ և սեղմված գազի պակաս: Այս մասին հայտնում են Արցախի տեղեկատվական շտաբից։
Վառելիքային ճգնաժամ չառաջանալու համար ԱՀ կառավարությունը տնտեսվարողների հետ պայմանավորվածություն է ձեռք բերել՝ անցնելու խնայողական ռեժիմի:
Լցակայաններում վառելիք առաջնահերթ կտրամադրվեն շտապ օգնության ծառայությանը, հասարակական տրանսպորտին և հատուկ ծառայություններին: Վառելիքի տրամադրման մեխանիզմների և ընթացակարգերի մասին հանրությանը տեղեկատվություն կտրամադրվի լրացուցիչ:
Քաղաքացիներին կոչ է արվում խնայողաբար օգտագործել վառելիքը և տրանսպորտային միջոցներն օգտագործել խիստ անհրաժեշտության դեպքում:
--00—ԶՀ