ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 1, 24News
«Bloomberg» պարբերականի տեղեկացմամբ` Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ էրդողանը փետրվարի 14-ին կմեկնի Եգիպտոս և կհանդիպի Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ Ալ-Սիսիի հետ։ Նշվում է, որ այս այցը կլինի 2013-ից ի վեր Էրդողանի Կահիրե կատարելիք առաջին այցը։ Այս մասին հայտնում է ermenihaber.am-ը։
Ակնկալվում է, որ հանդիպման ընթացքում նախագահները կքննարկեն Գազայում պաղեստինցիներին հումանիտար օգնություն տրամադրելու և պատերազմին վերջ տալու համար ձեռնարկվելիք քայլերը։
Նշվում է նաև, որ օրակարգային հարցերի թվում է լինելու Արևելյան Միջերկրականում համագործակցության ընդալյանումը։
Հիշեցնենք, որ երկու երկրների միջև լարվածությունը սկիզբ էր առել 2013-ի ամռանը Եգիպտոսում «Մուսուլման եղբայրներ»-ին քաղաքական իշխանությունից հեռացնելու հարցում Թուրքիայի դիրքորոշման և այդ երկրի ներքին գործերին միջամտելու Անկարայի քաղաքականության պատճառով: Դրան հաջորդել էր Թուրքիայի և Եգիպտոսի միջև դիվանագիտական հարաբերությունների մակարդակի նվազեցումն ու դեսպանների հետկանչը։
Վերջին 11 տարվա ընդմիջումից հետո Եգիպտոսի և Թուրքիայի հարաբերությունների կարգավորման ուղղությամբ նոր քայլեր են ձեռնարկվում:
--00—ԼՀ