Ռուսաստանը և Ուկրաինան հայտնել են փոխադարձ հարվածների մասին

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 20, 24News

ռդ.

Ռուսաստանի և Ուկրաինայի իշխանությունները հայտնել են գիշերը մեկը մյուսի տարածքին հասցրած հարվածների մասին, որոնց հետևանքով տուժել են տարբեր ենթակառուցվածքներ, 1 մարդ զոհվել է, հաղորդում է «Արմենպրես»-ը։

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հաղորդել է երկրի մի շարք շրջաններում ուկրաինական 15 անօդաչու թռչող սարք խոցելու մասին։ Հարձակման են ենթարկվել Ադիգեայի, Կրասնոդարի, Բրյանսկի, Բելգորոդի, Ռոստովի և Օռլովի շրջանները։ 

ՌԴ Տամբովի մարզի ղեկավարը հայտնել է, որ Պլատոնովի նավթաբազայում պայթյուն է լսվել և նավթամբար այրվել, ինչը տեղի է ունեցել «ենթադրաբար, ԱԹՍ-ի պատճառով»։

Ըստ ռուսական աղբյուրների՝ ուկրաինական ԱԹՍ-ները գիշերը հարված են հասցրել նաև Կրասնոդարի մոտ գտնվող նավթավերամշակման գործարանին և նավթաբազային։ Ռուսական Telegram ալիքներում հրապարակվել են հրդեհի կադրեր։

Կրասնոդարի երկրամասի Կուբանի Սլավյանսկ քաղաքում, ըստ տեղի իշխանությունների, ԱԹՍ-ն ընկել է տան վրա, զոհվել է 1 մարդ։ 

Իսկ ուկրաինական մոնիթորինգային ալիքները հայտնել են երկրի գրեթե ամբողջ տարածքում օդային տագնապի ազդանշանների մասին։ Ուկրաինայի ռազմաօդային ուժերը հայտնել են ռուսական բանակի կողմից արձակված 9 հրթիռներից 5-ը և բոլոր 27 ԱԹՍ-ները խոցելու մասին։  Ուկրաինական «ԴՏԵԿ» էներգետիկ ընկերությունը հայտնել է, որ ռուսական ուժերի հարվածներից վնասվել է իրեն պատկանող ևս մեկ ջերմաէլեկտրակայան, որը լրջորեն վնասվել է։  

 «Ուկրէներգո» ընկերությունը տեղեկացրել է, որ վնասվել են էներգետիկ ենթակառուցվածքի օբյեկտներ 4 մարզերում։ 

Դնեպրի իշխանությունները հայտնել են, ենթադրաբար, բալիստիկ հրթիռի պայթյունի մասին։ ՀՕՊ համակարգերն աշխատել են Կիևում, ուր հասել են ռուսական ԱԹՍ-ները։ Օդեսայում տագնապի ազդանշաններ են հնչել բալիստիկ հրթիռների հարվածի վտանգի պատճառով։

--00—ԼՀ