Վահե Ղազարյանի պաշտոնանկությունը կապված է Ծառուկյանի որդու արկածների հետ. աղբյուր

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 20, 24News

24News-ին հայտնի են դարձել բացառիկ մանրամասներ Ներքին գործերի նախկին նախարար Վահե Ղազարյանի պաշտոնանկության իրական պատճառներից։ Կառավարությանը մոտ կանգնած մեր աղբյուրները հայտնում են, որ Նիկոլ Փաշինյանն այդ որոշումը կայացրել է այն բանից հետո, երբ իմացել է, որ ՆԳ նախարար Վահե Ղազարյանն իրեն զեկուցել է Գագիկ Ծառուկյանի որդու՝ Նվեր Ծառուկյանի հետ կապված միջադեպը միայն այն բանից հետո, երբ վերջինս լքել է Հայաստանի Հանրապետությունը։ Այսինքն, Ծառուկյանի որդին ու նրա թիկնապահը կարողացել են անարգել հատել ՀՀ պետական սահմանը, նոր դրանից հետո ՆԳ նախարարը վարչապետին զեկուցել է տեղի ունեցածի մասին։ Ստացվում է, որ ՆԳ նախարարը «կոծկել» է աղմկահարույց գործն ու դրանով նպաստել, որ Ծառուկյանի որդին կարողանա լքել երկրի սահմանները։ 

Հիշեցնենք, որ լրագրող Վահե Մակարյանն իր «Makaryan News» տելեգրամ ալիքում հրապարակում էր արել, որ հոկտեմբերի 26-ին՝ ժամը 03:30-ի սահմաններում, Նվեր Ծառուկյանի մասնակցությամբ միջադեպ է տեղի ունեցել՝ վիճաբանությունն  առաջացել է  խաղատան աշխատակիցների և Նվեր Ծառուկյանի ու նրա թիկնապահների միջև, որը վերածվել է ծեծկռտուքի, հնչել է կրակոց կամ կրակոցներ։ 

Քննչական կոմիտեից էլ 24News-ին փոխանցել էին, որ միջադեպի առնչությամբ հարուցվել է քրեական գործ ․«Տվյալ օբյեկտում միջադեպի առնչությամբ խուլիգանության, կողոպուտի հատկանիշներով վարույթ է հարուցվել։ Դրա շրջանակներում 5 անձի նկատմամբ քրեական հետապնդում  է հարուցվել, նշված անձանց  կալանավորելու որոշումներ են կայացվել և նրանց նկատմամբ հետախուզում է հայտարարվել»,- տեղեկացրել էր Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը, հավելելով՝ վարույթի մասին այլ տվյալներ, ինչպես նաև մեղադրյալների անձնական տվյալները հրապարակման ենթակա չեն։

Այս պահին, ըստ որոշ տեղեկությունների, Ծառուկյանի որդին գտնվում է Մինսկում՝ հաշվի առնելով ԲՀԿ ղեկավարի ու Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի ընկերական հարաբերությունները։

--00—ԼՀ