ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 24, 24News
Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ Կոմիտեում շարունակվում է համագործակցությունը հարկ վճարողների հետ նոր ձևաչափերով։ Հարկային մարմինը պատրաստակամ է աջակցել հարկ վճարողներին և իրենց աշխատակիցներին՝ եկամուտների տարեկան հայտարարագրման մասին իրազեկվածության մակարդակի բարձրացման նպատակով։
Մասնավորապես, եթե կազմակերպությունն ունի 50 և ավելի աշխատողներ, ապա ՊԵԿ հարկ վճարողների սպասարկման վարչության ներկայացուցիչները կարող են այցելել տվյալ կազմակերպություն և իրականացնել իրազեկման աշխատանքներ՝ ֆիզիկական անձանց տարեկան եկամուտների հայտարարագրման վերաբերյալ: Իրազեկման աշխատանքները պատշաճ իրականացնելու և համապատասխան նյութերն ու ուղեցույցները ցուցադրելու նպատակով՝ անհրաժեշտ է կազմակերպության տարածքում պրոյեկտորի առկայություն:
Միաժամանակ, Կոմիտեն տեղեկացնում է, որ այցերը կրելու են բացառապես իրազեկման բնույթ, որտեղ մանրամասն ներկայացվելու են ֆիզիկական անձանց տարեկան հայտարարագրերի ներկայացման հետ կապված անհրաժեշտ քայլերը:
Հետաքրքրված հարկ վճարողները կարող են Կոմիտեին տեղեկացնել՝ HVSV3@taxservice.am էլեկտրոնային փոստի միջոցով։ Անհրաժեշտ է էլեկտրոնային փոստի հասցեին ուղարկել այցելության համար նախընտրելի օրը, ժամը և հասցեն։
Հարկային մարմնի սպասարկման վարչության աշխատակիցների ծանրաբեռնվածությունից կախված՝ այցելության օրը և ժամը փոփոխվելու դեպքում, նախապես կհամաձայնեցվի կազմակերպության հետ:
--00—ՅՄ