ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 13, 24News
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և նրա ամերիկացի պաշտոնակից Դոնալդ Թրամփը փետրվարի 12-ին կայացած հեռախոսազրույցի ընթացքում պայմանավորվել են իրենց օգնականներին հանձնարարություններ տալ՝ անհապաղ սկսել երկու երկրների ղեկավարների հանդիպման նախապատրաստությունը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին ճեպազրույցում ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Պետությունների ղեկավարները երեկ հեռախոսազրույցի ընթացքում պայմանավորվել են, որ կշարունակեն շփումը՝ կողմնորոշվելով դեպի առանձին հանդիպումը, ինչպես նաև պայմանավորվել են, որ անհապաղ համապատասխան հանձնարարականներ կտան օգնականներին, որ նրանք սկսեն համապատասխան աշխատանքը», - ասել է նա՝ պատասխանելով ՏԱՍՍ-ի հարցին:
ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը հավելել է, որ Կրեմլը երկու ղեկավարների հանդիպումն օպերատիվ կերպով նախապատրաստելու անհրաժեշտություն է տեսնում։
«Անշուշտ, նման հանդիպման բավականին օպերատիվ անցկացման պահանջ կա: Պետությունների ղեկավարները խոսելու շատ բան ունեն: Օրակարգում շատ թեմաներ են, որոնք երեկ հակիրճ նշվել են հեռախոսազրույցի ընթացքում: Բայց առայժմ ինչ-որ ժամկետների մասին խոսել հնարավոր չէ, որովհետև նախապատրաստական աշխատանքն այս օրերին դեռ նոր պետք է սկսվի», - ասել է Պեսկովը։
Փետրվարի 12-ին Թրամփը և Պուտինը հեռախոսազրույց են ունեցել։ Ամփոփելով զրույցի արդյունքները՝ Թրամփը հայտնել է, որ Պուտինի հետ պայմանավորվել է բանակցային գործընթաց սկսել Ուկրաինայում հակամարտությունն ավարտելու համար։
--00--ԱՀ