ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը վերջնագիր է ներկայացրել պաղեստինյան «Համաս» խմբավորմանը՝ ազատ արձակել պատանդառված իսրայելցիներին, այլապես «դժոխային հատուցում է սպասվում»։
«Երեկ պատիվ ունեցա հանդիպել ազատ արձակված մարդկանց, և չեմ կարող հավատալ, թե որքան վատ են վերաբերվել նրանց»,- ասել է Թրամփը։
Հայտնի է, որ այս շաբաթ Թրամփի վարչակազմը Իսրայել է առաքել 4 միլիարդ դոլարի սպառազինություն՝ մեկ ամսվա ընթացքում երկրորդ անգամ օգտագործելով նախագահական հատուկ լիազորությունները՝ շրջանցելու Կոնգրեսի թույլտվությունը, ինչը սովորական գործընթաց է զենքի նման առաքումների պարագայում:
«Համասի» խոսնակն արձագանքել է, որ պատանդներին ազատելու լավագույն ճանապարհը հրադադարի շուրջ բանակցություններն են:
Թեև Վաշինգտոնն ունի ահաբեկիչների հետ չբանակցելու վաղեմի քաղաքականություն, սակայն Թրամփը հաստատել է, որ իր գլխավորած վարչակազմն ուղղակի բանակցություններ է սկսել ԱՄՆ կողմից ահաբեկչական ճանաչված «Համաս» խմբավորման հետ՝ պատանդներին ազատելու նպատակով: