ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 11, 24News
Հնդկաստան պաշտոնական այցի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հարցազրույց է տվել տեղական՝ արտաքին քաղաքական թեմաների լուսաբանման հարցում առաջատար WION լրատվամիջոցին:
Ի թիվս այլ հարցերի՝ Միրզոյանը խոսել է «Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերություններ կարգավորումից»։ ՀՀ ԱԳ նախարարը նշել է, որ մոտ են Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին, խաղաղության համաձայնագրի նախագծի վերջնականացմանը․
«Եթե մեզ հաջողվի նախևառաջ ավարտին հասցնել պայմանագրի մշակումը, իսկ այնուհետև ստորագրել այն, ապա դա կլինի խաղաղության և կայունության ամենաուժեղ հենասյուներից մեկը Հարավային Կովկասում։ Եվ սա գալիս է նաև լրացնելու այն մյուս քայլերը, բանակցությունները և համաձայնությունները, որոնք մենք արդեն ունենք Ադրբեջանի հետ։
Ես արդեն հնարավորություն ունեցա նշելու տարածաշրջանում տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակման վերաբերյալ մեր առաջարկի մասին: Եվ նաև կարող եմ հավելել, որ Հայաստանն Ադրբեջանին առաջարկել է սպառազինությունների փոխադարձ վերահսկողության և վերիֆիկացիայի մեխանիզմ ստեղծել: Այսպիսով, բոլոր այս գործիքները կարող են օգնել մեզ հաստատել երկարատև և կայուն խաղաղություն մեր տարածաշրջանում։ Բոլոր այն երկրները կարող են դրական դերակատարում ունենալ՝ ողջունելով երկու կողմերի, երկու երկրների կառուցողական քայլերը։ Մյուս կողմից, իհարկե, պետք է նաև նշեմ, որ այն համաձայնությունները, որոնց մենք արդեն հասել ենք Ադրբեջանի հետ, ձեռք են բերվել երկկողմ ուղիղ բանակցությունների միջոցով։ Հուսով եմ՝ մենք շուտով կհասնենք այդ նպատակին»,- նշել է նա։
--00—ՍՊ