Հայ ժողովուրդը իրական խաղաղություն է ուզում, առանց պատրանքների, արժանապատիվ կյանք բոլոր առումներով

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 17, 24News

64509006_2151566701621216_5523894341468160000_n_v1_thumb_v1_thum

Արևելագետ Գոռ Գևորգյանը գրում է․ «Մեր իրողությունների շուրջ երկար մտածելուց հետո, որոշեցի մարդաբաններին առաջարկել մտորել, թե որքանով է նոր` HOMO APATHETICUS - ԱՆՏԱՐԲԵՐ ՄԱՐԴ եզրույթը: Գուցե և նոր է:

Homo apatheticus-ը ` հավաքական հասարակության եզրույթային նկարագիր է, որն անհաղորդ է քաղաքական, սոցիալական և բարոյական խնդիրներին, քաղաքացիական պատասխնատվությունից զուրկ է, պասիվ, մորթապաշտ ու ինքն իր տեսակն ուրացող: Ավելին, այս հավաքական տեսակն անգամ արհամարում է սեփական ճակատագիրը: Այս ամենի խոսուն օրինակ կարող է լինել մեր հասարակության ստվար զանգվածի կողմից, վերջին տարիներին դրսևորած ինքնաուրացումը, սեփական իքնության դեմ անմոռաց խռովությունը: Բաքվում պահվող մեր պատանդառուների հարցում հավաքական ապրումակցման բացակայությունը, Հայաստանի ապագայի, ներքաղաքական խնդիրների, սոցիալ-տնտեսական, բարոյահոգեբանական, կրթական և այլ ֆունդամենտալ արժեքների նկատմամբ հանցավոր անտարբերությունը ևս վերոնշյալ դատապարտելի անտարբերության ցուցիչ է:

Ավաղ, հայկական հասարակության բավականին մեծ հատվածը` Homo apatheticus է: Տրամաբանական հարց է առաջանում, կարող ե՞ն արդյոք այլ ժողովորդներ ևս «հարմարվել» այս ձևակերպման ներքո: Այո, կարող են, և հետևաբար, ինչու է՞ աբսուրդ, երբ մեր մեջ շատերը Homo apatheticus են: Շատ պարզ է:

Աշխարհում այդ ծավալի և դաժանության աստիճանի Ցեղասպանություն տեսած ու տեղահանված, մի քանի անգամ գաղթական դարձած, Արցախ կորցրած, եռաբլուրի մեջ եռաբլուր կառուցած ժողովուրդը գոյաբանական առումով բարոյական իրավունք չունի լինել անտարբեր, լինել Homo apatheticus:

Homo apatheticus-ի տեսակի գերակշռությունը` արդի հայկական հասարակության փոխակերպման ամենավտանգավոր ժամանակափուլերից է: Պատմությունը ցույց է տալիս, որ նմանատիպ փուլեր էլի ենք ունեցել, բայց այդ ժամանակ այլ իրողություններ են եղել` չենք ունեցել պետականություն, հետևաբար բացակայել է իմպերատիվ պատասխանատվությունը սերունդների առջև: Հիմա, ունենք պետականություն, բայց կարծես թե արհամարում ենք պատասխանատվության գործոնը արած-չարածի և ապագայի համար:

Անտարբերությունը մեզանում դարձել է վարքագծի ընկալելի նորմ:

Լղոզվել է այսպես կոչված գիտակցված անտարբերության և «սերտած անօգնականության» միջև սահմանը, որն ըստ իր նպատակահարմարության որպես լծակ օգտագործում է Ադրբեջանը` էլ ավելի իջեցնելով Հայաստանի քաղաքական, և ոչ միայն, նշաձողը: Ողբերգությունն այն է, որ հենց մեզանում որև է կերպ արձագանքում են Բաքվի սպառնալիքներին` հայազգի պրոպագանդիստները անմիջապես թիրախավորում են`մեկնաբանելով, որ Բաքվին արձագանքելը կաևող է վիժեցնել «խաղաղության շուրջ բանակցությունները», էլ ավելի ապակայունացնել իրավիճակը և այլն:

Հայ ժողովուրդը իրական խաղաղություն է ուզում, առանց պատրանքների ապագա, արժանապատիվ կյանք բոլոր առումներով: Հայ ժողովրդի թիվ մեկ օրակարգը իրական ԽԱՂԱՂՈւԹՅՈւՆՆ Է: 

Այս առումով, Homo apatheticus- ը վտանգ է ներկայիս, և սպառնալիք ապագա Հայաստանի համար, այն «դամոկլեսյան սուր է» հայկական սերնդափոխության ինքնության հարցում: Եթե հավաքական հասարակությունը դուրս չի գալիս Homo apatheticus -ի թմբիրից, ապա բախվում է տրամաբանական անդառնալի հետևանքների: Սովորաբար, երբ ժողովուրդը լուռ համակերպվում է տարածքային և այլ կորուստների հետ, ապա դրանք դառնում են շարունակական` հանգեցնելով սուվերենության նվազման և պետականության խեղման, իսկ հետո, նաև հավանական կորստի:

Դասագրքային ճշմարտություն է նաև այն, որ որքան անտարբեր է հասարակությունն, այդքան իշխանություններն ավելի են շեղվում պայմանական ժողովրդավարությունից, մարդու և քաղաքացու իրավունքների պաշտպանության օրակարգից: Հետևաբար, կարող ենք արձանագրել, որ Homo apatheticus-ը ուղղիղ սպառնալիք է նաև իրական ժողովրդվարությանը, առողջ քաղաքացիական հասարակության ձևավորմանը, որոնց կարիքն իրոք ունի մեր ժողովուրդը: Անտարբերության զազրելի հաղթանակը պառակտել ու բզկտել է հայկական հասարակությանը` զատելով «հեղափոխականների և հակահեղափոխականների, պատրիոտների և դավաճանների»: Աղետ է:

Ինչպե՞ս հաղթահարել Homo apatheticus-ի ախտորոշումը: Հասարակության կոնսոլիդացիան հնարավոր է ոչ միայն քաղաքական առաջնորդությամբ, այլև ինտելեկտուալ անձանց կողմից, զարգացման այլընտրանքային օրակարգ առաջարկելով, սփյուռքի ակտիվը օգտագործելով, գիտելիքահեն, առանց պոպուլիզմի քաղաքական օրակարգ ձևավորելով, ոլորտային պատասխանատվությունը բացառապես արհեստավարժ մասնագետներին վստահելով և այլն: Հարկավոր է զարգացման երկարաժամկետ ռազմավարություն և գիտելիքահեն քաղաքականություն բոլոր ոլորտներում. մարդիկ պետք է հասկանան, թե ուր են գնում, ոնց են գնում, և ի վերջո որն է՞ հանգրվանը:

Հ.գ. HOMO SAPIENS vs HOMO APATHETICUS, ընտրությունը մերն է»:

--00—ՅՄ