Քաղաքապետարանը պարզաբանել է, թե ինչու են փոխարինվում թեղի մանրատերև ծառատեսակները

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 22, 24News

photo_2025-03-22_16-22-26

Քաղաքապետարանը պարզաբանել է, թե ինչու են այժմ փոխարինվում թեղի մանրատերև ծառատեսակները, և ի՞նչ հետևանքներ կարող է ունենալ դրանց բուժման նպատակով պարբերաբար իրականացվող քիմիական պայքարը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Երևանի քաղաքապետարանից նշում են, որ Երևանում առկա փողոցային տնկարկներում թեղի մանրատերև ծառատեսակն ունի բազմաթիվ խնդիրներ, որոնք դրսևորվում են տարբեր հիվանդություններով. մասնավորապես, նրանց արմատային և բնային հատվածներում առկա են նեմատոդներ (որդեր), որոնք սնվելով ծառի համար պահանջվող օրգանական և հանքային նյութերով, չեն թողնում, որպեսզի ծառը կայուն զարգացում ապրի։ 

«Արդյունքում ապրիլ ամսից բազմանում է թեղու տերևակեր միջատը, որը մեծ վնաս է հասցնում ծառի տերևներին՝ կրճատելով նրանց կողմից իրականացվող ֆոտոսինթեզի գործընթացը, ինչպես նաև ներթափանցում են տներ և բակավայրեր, ստեղծում անհարմար, ալերգիկ և հիգիենիկ տարատեսակ խնդիրներ: Իրար մոտ գտնվող ծառերը մինչև 20-30 մետր շատ հեշտությամբ տարածում են վերոնշյալ հիվանդությունները:

Ականդիտական ուսումանասիրության ժամանակ անգամ բոլոր թեղիների վրա կնկատենք հիպերտրոֆիկ ուռուցքներ ու բակտերիալ հոսքեր, որոնք առաջանում են նեմատոդներից»,- նշված է հաղորդագրության մեջ:

Քաղաքապետարանից ընդգծում են՝ ծառերի բուժման աշխատանքները քիմիական պայքարի աշխատանքներ են, որոնք իրականացվում են կամ վերգետնյա, կամ ստորգետնյա եղանակով: Երկու դեպքում էլ կա շրջակա միջավայրի թունավորման մեծ խնդիր` հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ նշված ծառերը պետք է բուժել ոչ թե տարին երկու անգամ, այլ միայն տարվա առաջին կիսամյակում առնվազն 4-ից 6 անգամ՝ հնարավոր ցանկալի արդյունք ստանալու համար:

Իսկ փողոցային բոլոր տնկարկները գտնվում են բազմաբնակարան շենքերի հարևանությամբ. նշված աշխատանքները բնապահպանական և առողջապահական տեսանկյունից առնվազն անթույլատրելի են:

Ըստ աղբյուրի՝ մյուս խնդիրն այն է, որ ծառերին հարակից բացօթյա սրճարանները, սննդի կետերը, ցայտաղբյուրները, նստարանները, շենքերի բաց պատշգամբները ևս ամբողջությամբ պատվում են տվյալ տեսակի օգտագործվող քիմիական նյութով, որն իրենից թույն է ներկայացնում։ 

Երևանում թեղի ծառերը 1940-1950-ական թվականներին հիմնականում տնկվել են փողոցներում, պուրակներում և բակերում։

--00—ՅՄ