ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 11, 24News
Առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում շարունակվում է Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը։
Դատարանը՝ դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, սանկցիա կիրառեց «Մարտի 1»-ի տուժող կողմի ներկայացուցիչ Սեդա Սաֆարյանի նկատմամբ՝ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Արամ Օրբելյանի ելույթին միջամտելու համար։
«Հարգելի՛ դատարան, խնդրում եմ գնահատական տվեք «Անցել ես սահմաններդ, արա՛» արտահայտությանը», - նշեց Օրբելյանը։
Արամ Օրբելյանին ի պատասխան՝ Սեդա Սաֆարյանը պնդեց, որ ինքը «արա»-ով չի դիմել, այնուհետև հավելեց․
«Թող իրենց դատավարությունն այլ տեղ տանեն, պետք չէ «Մարտի 1»-ի ողբերգությունը վերածել եսիմ ինչի»։
Սեդա Սաֆարյանը նաև առարկեց դատարանի որոշման դեմ, նշելով․
«Օրբելյանը միջնորդություն է ներկայացնում, ինչը նորից ներկայացնում է Խուդոյանը, որին հաջորդում են մյուս պաշտպանները, և Դուք սրան նորմա՞լ եք նայում։ Դատական գործընթացը չգիտեմ ինչ է վերածվել»։
Նշենք, որ հաջորդ դատական նիստը նշանակվեց փետրվարի 18-ին, ժամը 13։00-ին։