ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 2, 24News
Սիրիայի հարցով ԱՄՆ-ի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ջեֆրին և ՄԱԿ-ում ԱՄՆ-ի մշտական ներկայացուցիչ Քելլի Քրաֆթը մեկնում են Թուրքիա: Այս մասին տեղեկացնում է Ermenihaber կայքը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Անկարան հայտարարել է, որ Սիրիայում սկսել է նոր ռազմական օպերացիա՝ «Գարնանային վահան» անվամբ։
Թուրքական աղբյուրի փոխանցմամբ` ամերիկացի պաշտոնյաները մեկնելու են միևնույն ինքնաթիռով և գիշերը կլինեն Թուրքիայում: Նրանք բանակցություններ կվարեն թուրք բարձրաստիճան պաշտոնյաների հետ:
Նշվում է, որ ՄԱԿ-ում ԱՄՆ-ի մշտական ներկայացուցիչ Քելլի Քրաֆթը Սիրիայում տեղի ունեցող իրադարձությունների շուրջ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում հայտարարությամբ էր հանդես եկել:
Նա աջակցություն էր հայտնել Թուրքիային, որը Սիրիայում ընթացող ռազմական գործողությունների ընթացքում կրել էր կենդանի ուժի կորուստներ։
Իսկ ինչ վերաբերում է Սիրիայի հարցով ԱՄՆ-ի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ջեֆրիին, ապա ըստ թուրքական աղբյուրի պնդման՝ Ջեֆրին հայտարարել էր, որ «Patriot» համակարգերի թեմայով Թուրքիայի վրա ճնշում գործադրելը Պենտագոնն անընդունելի էր համարել։