Գրիգոր Մինասյանն էստոնացի գործընկերոջ հետ քննարկել է ոլորտի թվայնացման հաջողված փորձը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 18, 24News

dc873f57-b286-4fe6-80d6-2b709270b1ab.jpg

Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանի գլխավորած պատվիրակությունը Էստոնիայի Հանրապետությունում հանդիպել է Էստոնիայի արդարադատության նախարար Կալե Լանետին:

Ինչպես տեղեկացնում են նախարարությունից՝ Գրիգոր Մինասյանը գործընկերոջն է ներկայացրել արդարադատության ոլորտում ընթացող թվայնացման բարեփոխումները:

Հաշվի առնելով թվայնացման ոլորտի էստոնական առաջադեմ և հաջողված փորձը՝ անդրադարձ է կատարվել դատարանների թվայնացմանն ու դրա՝ ՀՀ-ում տեղայնացման հնարավորությանը։

Արդարադատության նախարարի գլխավորած պատվիրակությունն այցելել է նաև Էստոնիայի Հանրապետության արդարադատության նախարարության Քրեակատարողական ծառայություն։

Պաշտոնական այցի ընթացքում ուսումնասիրվել են Տարտու քաղաքի քրեակատարողական հիմնարկում դատապարտյալների և կալանավորների պահման պայմանները, վերասոցիալականացման ուղղությամբ իրականացվող ծրագրերն ու ներդրված գործիքները։

Գրիգոր Մինասյանը հանդիպել է նաև Էստոնիայի Գերագույն դատարանի նախագահ Վիլու Քովյեին։

Քննարկվել են երկու երկրների դատական մարմինների գործառույթները, ընթացիկ բարեփոխումներն ու դատական համակարգը լավարկելուն ուղղված քայլերը:

Կողմերը քննարկել են նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։

--00—ԶՀ