ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 1, 24News
Մայրաքաղաքում այսօր՝ փետրվարի 1-ին, քաղաքացիները բոյկոտում են տրանսպորտի թանկացումը: Բոյկոտին են միացել «Հայաստան» խմբակցության պատգամավորները, ՀՅԴ ՆԱՈւՄ-ի անդամները:
«8 միլիոն դրամ ինքնաթիռին գումար տվող քաղաքապետին դժվար է հասկանալ 36 հազար դրամ ստացողի վիճակը»,- լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ ԳՄ անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը։
Նա նշեց, որ դժվար իշխանությունները հասկանան, որ 36 հազար դրամ թոշակ ստացողի համար ամսական լրացուցիչ թեկուզ 5000 դրամ ավելի վճարելը կենսական խնդիր է։
«Հետևողական ենք լինելու, եթե հանրությունը ոտքի կանգնի ու իր խոսքն ասի, նահաջելու են։ Վախկոտների իշխանություն է, քայլ են անում, տեսնում են հանրությունը ընդվզում է, հետքայլ են անում ոչ թե խնդիրը լուծելու համար, այլ թաքնվում են՝ հարմար առիթի կրկին հարձակվելու հանրության վրա, որի ուսերով եկան իշխանության և խաբեցին»,- ասաց նա։
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը երթևեկում է Երևանի հասարակական տրանսպորտով, զրուցում քաղաքացիների հետ, բացատրում թանկացման հետևանքները։
Ըստ նրա՝ քաղաքային իշխանությունները հասկանում են՝ մեծ խնդիրներ կարող են ունենալ, ժողովուրդը դժգոհ է, դրա համար հետքայլ արեցին:
Նա նշեց, որ պետք չէ հավատալ իշխանություններին։ Այս մարդիկ շարունակում են անընդհատ մտնել քաղաքացիների գրպանը, ուզում են մինչև վերջ թալանել:
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանի խոսքով՝ մարդիկ ոչ մի բարեփոխում չեն տեսել, ավելի երկար են տրանսպորտին սպասում, մի քանի երթուղի են ստիպված փոխել, որպեսզի հասնեն այն կետը, որը ուզում են։ Եվ ամենակարևորը, սոցիալական վիճակը որևէ կերպ չի բարելավվել»:
«Մի քանի օր բոյկոտը շարունակելու դեպքում քաղաքային իշանությունը զիջման կգնա»,- լրագրողների հետ զրույցում աասաց ՀՅԴ ՆԱՈւՄ֊ի վարչության ներկայացուցիչ Տարոն Ղազարյանը։
Քաղաքացիներն իրենց հերթին արձագանքում են, նշելով, որ դեմ են քաղաքապետարանի որոշումներին ու չեն վճարելու թանկացված ուղեվարձը։
Նշենք, որ 2025 թվականի փետրվարի 1-ից ներդրվել է ուղետոմսի նոր սակագին, որը կարժենա 150 դրամ և կգործի մինչև 2026 թվականի հունվարի 1-ը։
--00—ՅՄ