Բնական աղետները երեխաներին զրկում են կրթություն ստանալու հնարավորությունից

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 1, 24News

image1170x530cropped

ՅՈՒՆԻՍԵՖ-ի նոր վերլուծության համաձայն 2024 թվականին կրթական համաշխարհային ճգնաժամը սրվել է կլիմայական աղետների պատճառով, 85 երկրներում առնվազն 242 միլիոն ուսանողներ ծայրահեղ եղանակային երևույթների պատճառով բախվել են ուսուցման խափանումների հետ:

Ցիկլոնները, ջրհեղեղները, երաշտները և ջերմային ալիքները խանգարում են ուսուցման գործընթացը՝ զրկելով երեխաներին սովորելու հնարավորություններից և վտանգելով նրանց ապագան: ՅՈՒՆԻՍԵՖ-ի վերլուծությունը ցույց է տալիս, որ 2024 թվականին աշխարհում յուրաքանչյուր յոթերորդ սովորող իր վրա զգացել է կլիմայական աղետների ազդեցությունը, որոնք խաթարում են ուսումնական տարին: 23 երկրներում գրանցվել են դպրոցների աշխատանքների բազմաթիվ խափանումներ, իսկ 20 երկրներում գրանցվել են ուսումնական հաստատությունների համազգային փակում: Հարավային Ասիան ամենաշատ տուժած տարածաշրջանն է եղել, որտեղ 128 միլիոն ուսանողներ բախվել են ուսման խնդիրների հետ: Արևելյան Ասիայում և Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում տուժել է 50 միլիոն աշակերտ: Աֆրիկայում, որտեղ ավելի քան 107 միլիոն երեխա արդեն դպրոց չի գնում, կլիմայական ճգնաժամերը սպառնում են ևս 20 միլիոնի թողնել առանց կրթության:

2024 թվականին ջերմային ալիքներն ամենակործանարար ազդեցությունն են ունեցել կրթության վրա, որից տուժել է 171 միլիոն ուսանող։ Խափանումների գագաթնակետը հասել է ապրիլին, երբ ռեկորդային շոգերը խաթարել են 118 միլիոն երեխաների կրթական պրոցեսը Բանգլադեշում, Կամբոջայում, Հնդկաստանում, Ֆիլիպիններում և Թաիլանդում: Սեպտեմբերին՝ նոր ուսումնական տարվա սկզբին, 18 երկրներ դադարեցրել են դասերը կլիմայական ցնցումների պատճառով, իսկ «Յագի» թայֆունը Արևելյան Ասիայում և Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում ազդել է 16 միլիոն երեխաների կրթական պրոցեսի վրա:

Տուճած ուսանողների ավելի քան 74%-ն ապրում է ցածր և միջինից ցածր եկամուտ ունեցող երկրներում, որտեղ կլիմայական ռիսկը գնահատվում է 10-ից 7՝ ըստ Երեխաների կլիմայի ռիսկի ինդեքսի (CCRI): Այդտեղ դպրոցներն հաճախ չունեն ենթակառուցվածքներ, ինչը նրանց դարձնում է հատկապես խոցելի բնական աղետների նկատմամբ:

ՅՈՒՆԻՍԵՖ-ի փորձագետները և բնապահպանական կազմակերպությունները համաշխարհային հանրությանը կոչ են անում հրատապ միջոցներ ձեռնարկել կրթական համակարգերը կլիմայական սպառնալիքներից պաշտպանելու համար։ Հիմնական լուծումները ներառում են ավելի կայուն դպրոցների կառուցում, թվային ուսուցման և արտակարգ իրավիճակների կրթական ծրագրերի զարգացում: Առանց վճռական գործողությունների, միլիոնավոր երեխաներ վտանգի են ենթարկվում կորցնելու իրենց հնարավորությունը կրթություն ստանալու և արժանապատիվ ապագա ունենալու համար:

--00—ՅՄ