ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 1, 24News
Չեմպիոնների լիգայի խմբային փուլի վերջին տուրում Միլանի «Ինտերը» կարողացավ տնային խաղում խոշոր՝ 3-0 հաշվով հաղթել «Մոնակո»-ին։ Հանդիպմանն ամբողջությամբ մասնակցեց Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ, 2024-ին Հայաստանի տարվա լավագույն ֆուտբոլիստ ճանաչված, վերջերս 36-ամյակը բոլորած Հենրիխ Մխիթարյանը։ Խաղի 67-րդ րոպեին Մխիթարյանը, սեփական կիսադաշտում ստանալով գնդակը, արագ սլացավ դեպի մրցակցի տուգանային հրապարակ՝ հաղթահարելով շուրջ 50 մետր տարածություն, ուժգին հարվածեց, «Մոնակո»-ի դարպասապահը ճիշտ դիրք գրավեց և փրկեց իր թիմին հայ ֆուտբոլիստի հարվածից հետո, սակայն վրա հասած Լաուտարո Մարտինեսը կարողացավ խփել իր 3-րդ գնդակը՝ հեթ-տրիկ ձևակերպելով և վերջակետ դնելով հանդիպման հաղթողի վերաբերյալ հարցին։
Հանդիպման ավարտից հետո Հենրիխ Մխիթարյանը խառը գոտում ժամանակ գտավ կարճ շփվելու «Արմենպրես»-ի հետ։
- Վերջին վնասվածքից հետո ինչպե՞ս է ֆիզիկական վիճակը, Հենրիխ։
- Դուք ասեք, ինչպե՞ս խաղացի (ժպտում է)։
- Կարծում եմ՝ լավ, Ձեզ հաջողվեց նաև գոլային փոխանցման հեղինակ դառնալ։ Ափսոս, գոլ խփելը չստացվեց։
- Ես էլ եմ կարծում, որ կարողացա այսօր լավ խաղալ։ Ֆիզիկական վիճակս բավարարում է ամբողջական խաղեր անցկացնելուն։ Չեմ մտաբերում, որ գոլ խփելու ռեալ պահ ունեցա։
- «Ինտերի» հետ պայմանագիրը գործում է ընթացիկ և հաջորդ մրցաշրջանների համար, այնպես չէ՞։ Այսպիսի խաղերը խոսակցությունների առիթ չե՞ն տալիս երկարաձգելու համար։
- Իրականում հնարավորություն կա պայմանագիրը ևս մեկ տարով երկարաձգելու։ Եթե դրա ավարտին կողմերը ցանկություն ունեցան, ապա պայմանագիրն ավտոմատ մեկ մրցաշրջանով ևս կերկարաձգվի։
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։
--00—ՅՄ