Հայաստանի և Սերբիայի ԱԳՆ գլխավոր քարտուղարները համագործակցության մասին հուշագիր են ստորագրել

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 5, 24News

ՀՀ

Փետրվարի 5-ին Երևանում տեղի է ունեցել Հայաստանի և Սերբիայի ԱԳՆ գլխավոր քարտուղարների գլխավորած  պատվիրակությունների հանդիպումը:

Երկուստեք կարևորվել է Հայաստան - Սերբիա քաղաքական երկխոսության բարձր մակարդակը: Այս կապակցությամբ առանձնահատուկ նշվել է Երևանում Սերբիայի դեսպանության և Պրահայում ՀՀ դեսպանության Բելգրադի գրասենյակի գործունեությունը։ 

Զրուցակիցներն անդրադարձ են կատարել նաև միջազգային կազմակերպությունների, Եվրոպական Միության հետ համագործակցության շրջանակներում փոխադարձ աջակցության հնարավորություններին և տարածաշրջանային օրակարգին վերաբերող մի շարք հարցերի:

Առանձնահատուկ նշվել է, որ նման հանդիպումներն ու անցկացվող խորհրդակցությունները, ինչպես նաև ընթացիկ տարում նախատեսվող մի շարք այցերը նոր խթան կհանդիսանան երկկողմ հարաբերությունների ամրապնդման և հետագա զարգացման համար։  

Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են երկու գերատեսչությունների միջև համագործակցության նոր հեռանկարները, այդ թվում հետազոտական, վերլուծական և երիտասարդ դիվանագետների փոխանակման ծրագրերի ոլորտներում:

Սերբական կողմին ներկայացվել է «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը։

Հանդիպման ավարտին Հայաստանի և Սերբիայի ԱԳՆ գլխավոր քարտուղարներ Դավիթ Կարապետյանն ու Դուշան Կոզարևը ստորագրել են «Հայաստանի Հանրապետության ԱԳՆ դիվանագիտական դպրոցի և Սերբիայի Հանրապետության ԱԳՆ դիվանագիտական ​​ակադեմիաի միջև համագործակցության մասին» հուշագիրը։
 

--00—ՍՊ