Կարևոր է գործնական հայրենասիրությունը՝ Աստված ի՞նչ առաքելության է կոչել․ Արագածոտնի թեմի առաջնորդ

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 5, 24News

տ
Արագածոտնի Թեմի Առաջնորդ Գերաշնորհ Տեր Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի օրհնությամբ, թեմի երիտասարդաց միությունների շուրջ 60 անդամների համար «Հայրենասիրություն և քրիստոնեություն» թեմայով բանախոսություն վարեց՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան, Գևորգյան Հոգևոր Ճեմարանի և Սևանի Վազգենյան Հոգևոր Դպրանոցի տեսուչ՝ Հոգեշնորհ Տեր Շահե Ծայրագույն վարդապետ Անանյանը։
 
«Հիշի՛ր քո Արարչին քո երիտասարդության օրերին» (Ժողովող 12:1) Աստվածաշնչյան այս խոսքերով սկսեց իր բանախոսությունը Հայր Սուրբը, կարևորելով Աստծո և եկեղեցու դերը երիտասարդների կյանքում։
 
Անդրադառնալով Աստվածսիրությանը և Հայրենասիրությանը, Հայր Սուրբը կարևորեց Աստծո և հայրենիքի հանդեպ դրսևորվող գործնական սերը, նշելով․ «Կարևոր է գործնական հայրենասիրությունը և Աստվածսիրությունը։ Մենք պետք է իմանանք թե Աստված, ի՞նչ առաքելության է կոչել մեզ և այդ առաքելությամբ շարունակենք մեր կյանքը» ։
 
Անդրադարձ կատարելով Աստվածսիրության և հայրենասիրության մեջ առաջնայինին, նշեց․ «Հայրենասիրության և Աստվածսիրության մեջ առաջնահերթության տեղ մի տվեք, հավասարապես կարևոր են երկուսն էլ»:
Բանախոսության ավարտին Հայր Սուրբը պատասխանեց երիտասարդներին հետաքրքրող տարաբնույթ հարցերի:
 
Երիտասարդաց միությունների հոգևոր պատասխանատու Արժանապատիվ Տեր Փառեն քահանա Առաքելյանը, երիտասարդների անունից իր երախտագիտությունն հայտնեց Հայր Սուրբին, կարևորելով հետագա նման հանդիպումների շարունակականությունը և համագործակցությունը:
 
Հանդիպմանը ներկա էին՝ Արագածոտնի թեմի հոգևորականներ, թեմական երիտասարդաց միությունների անդամներ։

 

--00—ՍՊ