Բարսելոնան 10 հոգով ջախջախեց Սևիլիային. Լոպեսը գոլ խփեց

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 10, 24News

476745192_18527700181023674_5862990978441376957_n

Իսպանական Պրիմերայի 23-րդ տուրում «Բարսելոնան» հյուրընկալվելիս մրցել է «Սևիլիայի» հետ և 4:1 հաշվով վստահ հաղթանակ տարել:

Հանդիպման հաշիվը խաղի արդեն 7-րդ րոպեին բացել է կատալոնացիների լեհ հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին, մեկ րոպե անց, սակայն, Ռուբեն Վարգասը հավասարեցրել է հաշիվը:

Խաղի հիմնական իրադարձություններն արդեն ծավալվել ե երկրորդ խաղակեսում: Նախ՝ 47-րդ րոպեին Ֆերմին Լոպեսն առաջ է մղել «Բարսելոնային». ապա 55-րդ րոպեին Ռաֆինյան մեծացրել է իր թիմի առավելությունը՝ 1:3։

Կատալոնացիներն այնուհետ՝ 62-րդ րոպեից խաղացել են 10 հոգով, երբ գոլի հեղինակ դարձած Ֆերմին Լոպեսն ուղիղ կարմիր քարտով հեռացվել է խաղադաշտից՝ կոպիտ սահանկման համար:

Խաղավարտին՝ 89-րդ րոպեին, «Բարսելոնայի» կազմում հանդիպման վերջնահաշիվը ձևակերպել է Էրիկ Գարսիան:

Հանս Դիտեր Ֆլիկի թիմն այս հաղթանակի շնորհիվ իր միավորների թիվը հասցրել է 48-ի և շարունակում է զբաղեցնել Լա Լիգայի մրցաշարային աղյուսակի երրորդ հորիզոնականը՝ ընդամենը մեկ միավոր զիջելով երկրորդ տեղում գտնվող «Աթլետիկոյին»: «Սևիլիան» 28 միավորով 13-րդ տեղում է:

Աղբյուրը՝ Armsport.am:

--00—ՅՄ