ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 12, 24News
Թբիլիսին համագործակցում է տարածաշրջանի բոլոր երկրների հետ, անկեղծորեն շահագրգռված է Հարավային Կովկասում խաղաղությանն ու կայունությանն աջակցելու հարցում, նշել է Բոճորիշվիլին:
Վրաստանը չի ծրագրում միանալ Հարավային Կովկասի հարցերով «3+3» հարթակին։ Այս մասին Վրաստանի ԱԳ նախարար Մակա Բոճորիշվիլին հայտարարել է Անթալիայի դիվանագիտական համաժողովի շրջանակներում Հայաստանի և Ադրբեջանի գործընկերների մասնակցությամբ պանելային քննարկման ժամանակ։
Այս մասին հայտնում է Sputnik Արմենիան:
«Վրաստանն այդ ձևաչափի մաս չէ, սակայն համագործակցումէ բոլոր հարևանների հետ... կա պատճառ, որ մենք չենք կարող և չենք դիտարկում այդ ձևաչափի մաս դառնալու հարցը», - ասել է Բոճորիշվիլին։
Միևնույն ժամանակ նա նշել է, որ Թբիլիսին համագործակցում է տարածաշրջանի բոլոր երկրների հետ և անկեղծորեն շահագրգռված է Հարավային Կովկասում խաղաղության և կայունության խթանմամբ:
Բոճորիշվիլիի խոսքով՝ խաղաղ և անվտանգ Հարավային Կովկասը Վրաստանի համար առաջնահերթությունէ: Նախարարը կարծում է, որ տարածաշրջանը հսկայական ներուժ ունի, և դրա օգտագործման համար անհրաժեշտ է երկարատև և կայուն խաղաղություն:
Այս կապակցությամբ նա հայտարարել է, որ Վրաստանը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի տեքստի համաձայնեցումը` դա համարելով մեծ ձեռքբերում:
«Վրաստանն այն երկիրն է, որին կարող են ապավինել և՛ Հայաստանը, և՛ Ադրբեջանը` համոզված լինելով, որ մեր տարածաշրջանում երկխոսությանն ու համագործակցությանը նպաստելու համար կապահովենք անհրաժեշտ ամեն ինչ»,– ասել է Բոճորիշվիլին:
Վրաստանը Լեռնային Ղարաբաղում 44-օրյա պատերազմից ի վեր բազմիցս միջնորդություն է առաջարկել Հայաստանին և Ադրբեջանին։ Նախորդ անգամ Բոճորիշվիլին համապատասխան առաջարկն արել էր 2025 թվականի հունվարին՝ Երևան կատարած այցի ժամանակ։
Հիշեցնենք, որ Հարավային Կովկասում և Միջին Արևելքում համագործակցության հարցերով խորհրդակցությունների վեցակողմ (Ռուսաստան, Թուրքիա, Իրան, Հայաստան, Ադրբեջան և Վրաստան) ձևաչափն առաջարկել էին 2020 թվականի վերջին Ադրբեջանի և Թուրքիայի նախագահներ Իլհամ Ալիևն ու Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ Արդեն կայացել է երեք հանդիպում, որոնց, սակայն, Վրաստանը չի մասնակցել։
--00—ԱՀ