ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 12, 24News
Այսօր՝ ապրիլի 12-ին, առեղծվածային դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 12:50-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում և նույն վարչության Երևանի քրեական վարչությունում, ինչպես նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Շենգավիթի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Բագրատունյաց 4-րդ նրբանցքի շենքերից մեկի բնակարանի դռան բռնակին կասկածելի լար է միացված:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամանել են ՀՀ ՆԳՆ ոստիկանութան քրեական ոստիկանության գլխավոր վարչության պետի տեղակալներ Արմեն Պետրոսյանը, Վահե Մուշեղյանը, Երևանի քրեական վարչության պետ Հայկ Հարությունյանն ու ոստիկանության Շենգավթի բաժնի պետ Արթուր Մկրտչյանը:
Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի պարեկները՝ գնդի հրամանատար Անդրանիկ Իսախանյանի, գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Դավիթ Նիկողոսյանի գլխավորությամբ:
Տեղում պարզվել է, որ ստացված օպերատիվ տեղեկությունը հավաստի է:
Նշված նրբանցքի շենքերից մեկի թիվ 60 բնակարանի դռան դրսի կողմից՝ բռնակից լարով միացված կասկածելի պլաստմասսե շիշ է հայտնաբերվել, որը նման է սարքած պայթուցիկի:
Պարեկներն ու Շենգավիթի ոստիկանները սահմանազատել են տարածքը, մինչև դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության սակրավորները:
Վերջինները վնասազերծել են կասկածելի իրը:
Պլաստմասսե շշի մեջ եղել է բենզին, մեծ քանակի մեխեր, և առանձին միացված ցելոֆանե զանգված, որի մեջ առկա է եղել բրոնզանման նյութ:
Սակրավորները այն տեղափոխել են անվտանգ վայր:
Դեպքի մասին ոստիկանության Շենգավիթի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժին, որտեղ դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ բնակարանը պատկանում է ՀՀ արդարադատության նախարարության Քրեակատարողական ծառայության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի առաջատար մասնագետ 47-ամյա տղամարդուն:
Ոստիկաններն ու քննիչները արդեն մոտավոր գիտեն դեպքի հանգամանքները, շարժառիթը և կասկածյալների ինքնությունը:
Նախաքննության շահերից ելնելով՝ այս պահին որոշ մանրամասներ չենք հրապարակում:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ օպերատիվորեն ժամանել էին նաև Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
--00—ԱՀ