ՀՀ նախագահը՝ արտահերթ ընտրությունների, ներդրումների և Սահմանադրական փոփոխությունների մասին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 31, 24News 

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը բացառիկ հարցազրույց է տվել ռուսաստանյան РБК հեռուստաալիքի գլխավոր տնօրեն Իլյա Դորոնովին:

Իլյա Դորոնով- Հունիսի 20-ին Հայաստանում պետք է անցկացվեն խորհրդարանական ընտրություններ։



- Հնարավոր է:

Իլյա Դորոնով- Ինչու՞՝ հնարավոր է։



- Որովհետև այդ օրը՝ լինի դա հունիսի 20-ը, 21-ը կամ 23-ը, կորոշվի, երբ գործընթաց սկսվի։ Խորհրդարանում ներկայացված երեք քաղաքական խմբակցությունները պայմանավորվել են, որ դրանք կանցկացվեն հունիսի 20-ին։ Պետք է որոշակի գործընթաց լինի խորհրդարանում, պետք է լինի վարչապետի հրաժարական և մնացած ամեն ինչ, հետո այդ ամենը պետք է գա և դրվի իմ սեղանին։ Այդ ժամանակ էլ կորոշվի օրը։ Նախագահն այս Սահմանադրության համաձայն ունի ընտրություն՝ ստորագրել կամ, հնարավոր է, ուղարկի Սահմանադրական դատարան։ Ես դեռ ոչինչ չեմ ստորագրել հունիսի 20-ի համար։



Իլյա Դորոնով- Ինչքա՞ն է մեծ հավանականությունը, որ հունիսին ընտրություններ կլինեն, և է՛լ ինչից է դա կախված, բացի Ձեր ստորագրությունից։



- Բայց այն կարևոր է։

Իլյա Դորոնով- Բայց որպեսզի այն կայանա, պետք է որոշակի գործընթացներ լինեն։



- Գործընթացներ, որ պե՛տք է լինեն։ Ես Ձեզ արդեն ասացի, որ ապրում ենք քվանտային աշխարհում, և ամեն ինչ, հնարավոր է, վաղը փոխվի, այդ թվում՝ քաղաքական կուսակցությունների որոշումները կամ այլ գործոններ, որոնք կարող են ազդեցություն ունենալ դրանց վրա։ Այս պահին քաղաքական կուսակցությունները որոշել են գնալ ընտրությունների։ Այս ճգնաժամից ելքը ես պատկերացրել և պատկերացնում եմ բոլորովին այլ կերպ, որովհետև լուրջ ճգնաժամ կա, և դրանից քաղաքական ելքը դասական է։



Նման դեպքերում շատ երկրներում կառավարությունը հրաժարական է տալիս, ստեղծվում է կա՛մ քաղաքական միասնության, կա՛մ ազգային համաձայնության կառավարություն, երբ մի շարք քաղաքական կուսակցություններ պայմանավորվում են, կա՛մ ազգային միասնություն, երբ որևէ քաղաքական գործիչ չկա, միայն արհեստավարժներ են։ Եվ այդ կառավարությունը սկսում է զբաղվել խնդիրների լուծմամբ։ Եթե Սահմանադրությունը փոխելու անհրաժեշտություն կա, աշխատում է Սահմանադրության փոփոխությունների պատրաստմամբ, այսինքն՝ տարբեր քաղաքական ուժերի հետ քննարկումներ է անում, գործընթաց է լինում՝ ընդհուպ մինչև նույն խորհրդարանում որոշակի որոշումների կայացումը կամ, ասենք, գործընթաց է սկսվում, որով կպարզվի, թե Հայաստանի քաղաքացիներն ինչ են այդ մասին մտածում։ Նույնը պետք է լինի Ընտրական օրենսգրքի մասով, այսինքն՝ գործընթաց պետք է լինի։ Անշուշտ, ժամանակավոր կառավարությունը պետք է հետևի այդ գործընթացներին և շատ խնդիրներ լուծի, և վերջում՝ ընտրություններ։ Նման ընտրությունների մասին դժվար կլինի ասել, որ արդար չեն եղել, որովհետև կառավարությունը, որն ուղղակի հրաժարական է տալիս, որևէ շահ չունի և ինքը չի կազմակերպել այդ ընտրությունները: Եթե մենք Սահմանադրության կամ Ընտրական օրենսգրքի հետ կապված հարցեր ունենք և դրանք լուծված չեն, պետք է լուծել, հետո միայն գնալ ընտրությունների։

Հասկանալի է՝ իրական կյանքում շատ ավելի դժվար է։ Առաջին հերթին՝ արտաքին քաղաքականությունը. վարչապետը ստորագրել է հրադադարի մասին համաձայնագիրը, և ո՞վ պետք է դրա համար պատասխան տա։ Նո՞ր կառավարությունը, ինչպիսի՞ն կլինի այդ նոր կառավարության վերաբերմունքը...

Իլյա Դորոնով- Իսկ տարբերա՞կը, երբ, օրինակ, հավաքվում են կուսակցությունները, գալիս են Ձեզ մոտ ու ասում՝«պարոն նախագահ, չենք կարողանում համաձայնության գալ, Ձեզ լիակատար իշխանություն և որոշակի անցումային ժամանակ կտանք, կառավարե՛ք պետությունը»։



- Նախ, որո՞նք են այդ կուսակցությունները՝ ԱԺ-ում ներկայացված երեք կուսակցություննե՞րը, թե՞ նաև ընդդիմությունը կամ մեկ ուրիշը։ Սա՝ առաջին հարցը։ Հարց երկրորդ՝ թույլ տալի՞ս է արդյոք մեր Սահմանադրությունը նման սցենարներ։ Ինչպես արդեն Ձեզ ասացի՝ ոչ։ Այսինքն՝ պետք է փոխել Սահմանադրությունը խորհրդարանի միջոցով կամ այլ կերպ: Սակայն, ըստ էության, կարող են այլ որոշումներ ևս լինել։

Իլյա Դորոնով- Եթե խոսենք Սահմանադրության փոփոխությունների մասին, ո՞րն է տրամաբանական՝ սկզբում ընտրություններ, հետո՝ Սահմանադրության փոփոխություննե՞ր, թե՞ հակառակը։ Եվ, ընդհանրապես, այսօր Հայաստանում արդյո՞ք նման հարց կա՝ իրական քայլեր ձեռնարկել Սահմանադրության փոփոխության ուղղությամբ։



- Հայաստանում այդ հարցը կա, թե ոչ՝ դժվար է ասել, որովհետև տարբեր քաղաքական կուսակցություններ տարբեր կերպ են մեկնաբանում։



Ես՝ որպես նախագահ, պարտականություն ունեմ դրա մասին խոսել, քանի որ արդեն երեք տարի ուսումնասիրում եմ, թե ինչպես է աշխատում Սահմանադրությունը։ Երեք տարի հետո հանգել եմ այն եզրակացության, որ փոփոխություններ պե՛տք են։ Կամ մենք պետք է վերադառնանք նախագահական կառավարման համակարգի, կամ պետք է ունենանք շատ ուժեղ նախագահական կառավարում և շատ ուժեղ խորհրդարան, որը ներկայացնում է յուրաքանչյուրին, ով ապրում է գյուղում կամ այս կամ այլ քաղաքում։ Կամ մենք պետք է վերցնենք այս Սահմանադրությունը, որոշակի փոփոխություններ կատարենք և հավասարակշռենք։ Այն բոլորովին հավասարակշռված չէ, իսկապես սուպերվարչապետական է։

Իլյա Դորոնով- Ստացվու՞մ է, որ գրվել է մեկ անհատի համար։



- Դո՛ւք ասացիք, ոչ ես։ Սակայն հարցն ինձ հուզում է։ Այդ թեմայի մասին խոսել եմ նաև վարչապետի, ինչպես նաև իշխող կուսակցության ղեկավարության, ընդդիմության ներկայացուցիչների, բոլորի հետ։ Կարծում եմ, որ կշարունակեմ այդ մասին խոսել։ Սակայն կան նաև այլ հարցեր, որոնք կարևոր են մեզ համար՝ ինչպե՞ս լուծել տնտեսական հարցերը, ինչպե՞ս այնպես անել, որ Հայաստան կրկին ներդրումներ գան։ Սրանք շատ կարևոր հարցեր են, հատկապես որ Հայաստանն աշխարհում ամենագրավիչ երկրներից չէր համարվում՝ հաշվի առնելով որոշ գործոններ, այսօր շատ ավելի դժվար է դարձել։

Իլյա Դորոնով- Իսկ ինչու՞։ 2018 թվականին իշխանությունը փոխվեց նաև այն կարգախոսների ներքո, որ՝ մենք կպայքարենք կոռուպցիայի դեմ, որպեսզի ներդրումներ գան։



- Գիտեք, նախ, կարգախոսները մի բան են, իսկ կոռուպցիայի դեմ իրական պայքարը դժվար է։ Կոռուպցիան պարզ օբյեկտ չէ, որը կարող ես վերցնել ու փոխել։ Կարծում եմ, որ ցանկացած երկրում մշտապես պայքար կա կոռուպցիայի դեմ, և այն ամեն դեպքում գոյություն ունի։



Երկրորդ, ըստ էության, ներդրումները երկիր գալիս են ոչ այն պատճառով՝ այնտեղ կոռուպցիա կա, թե չկա։ Երկիրը պետք է գրավիչ լինի, պետք է լինի վստահելի, ինչպես նաև կանխատեսելի և կայուն։ Սրանք շատ կարևոր են։



Ինձ թվում է, որ ապագայում ներդրումներ կգան, եթե երկիրը ուղղվածություն ունենա դեպի ապագա։ Կարծում եմ, որ Հայաստանի ապագան հենց նոր տեխնոլոգիաների ստեղծումն է։ Նոր տեխնոլոգիաները վաղը կամ մյուս օրն առանց արհեստական բանականության չեն կարող լինել։ Այս իմաստով ինձ համար շատ հաճելի էր, որ մենք այդ մասին երկար խոսել ենք նաև Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, ով նույնպես իսկապես նայում է դեպի ապագա։ Եվ դա ոչ միայն խոսակցություն էր, այլև հաջորդել է կոնկրետ իրական հետաքրքրություն նրա կողմից։



Իմ գաղափարն այն է, որ Հայաստանում հավաքվի այն լավագույն նոու-հաուն, որը կա ամբողջ աշխարհում արհեստական բանականության ոլորտում ՝ հաշվի առնելով իմ կապերը տարբեր ընկերությունների, մարդկանց հետ։ Մոտավորապես 15 ընկերությունների հետ պայմանավորվել եմ։ Դա եղել է պատերազմից առաջ։ Այսինքն՝ նոր հեծանիվ ստեղծելու կարիք չկա, այլ պետք է սովորել նրանից, ովքեր այն ունեն։

Իլյա Դորոնով- Իսկ պատերազմը փոխե՞լ է այդ ծրագրերը։



- Ոչ, ծրագրերը չեն փոխվել, պարզապես պատերազմ էր։ Լավն այն է, որ մեր շատ գործընկերներ Ռուսաստանից, Եվրոպայից, Սիլիկոնյան հովտից, Հնդկաստանից, Մերձավոր Արևելքից վերահաստատում են, որ հետաքրքրված են։ Ինձ համար դա շատ կարևոր ծրագիր է։

--00—ՄՀ