Նոր ավիաընկերություն է մուտք գործում հայկական շուկա․ Ֆրանկֆուրտից Երևան չվերթներ կլինեն

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 15, 24News

նոր

«Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ն և «Lufthansa» հայտարարություն են տարածել՝ տեղեկացնելով, որ նոր ավիաընկերություն է մուտք գործում հայկական շուկա։

«Հարգելի՛ գործընկեր, ցանկանում ենք տեղեկացնել, որ «Lufthansa» ավիաընկերությունը մուտք է գործում հայկական շուկա։

Ուրախ ենք տեղեկացնել, որ տևական ժամանակ ընթացող բանակցություններն ավարտին հասան, և սույն թվականի օգոստոսի 13-ից հայկական շուկա մուտք կգործի «Lufthansa» ավիաընկերությունը: 

Ավիաընկերությունը չվերթեր կիրականացնի Ֆրանկֆուրտ (Գերմանիա)- Երևան-Ֆրանկֆուրտ (Գերմանիա) երթուղով՝ շաբաթական 3 չվերթ հաճախականությամբ:

Ֆրանկֆուրտից Երևան չվերթերը կիրականացվեն երեքշաբթի, հինգշաբթի և կիրակի օրերին, իսկ Երևանից Ֆրանկֆուրտ՝ երկուշաբթի, չորեքշաբթի և ուրբաթ օրերին:

Ավիատոմսերի առկայության, վերջիններիս ձեռքբերման և այլ մանրամասների համար խնդրում ենք այցելել ավիաընկերության կայք՝ lufthansa.com կամ կապ հաստատել տեղական տուրիստական գործակալությունների հետ:

«Lufthansa»-ն «Lufthansa» խմբի մի մասն է, որն արդեն իսկ մեծ ներկայություն ունի Հայաստանում: Austrian ավիաուղիները վերջին 20 տարվա ընթացքում չվերթեր է իրականացնում Վիեննայից Երևան: «Brussels» ավիաուղիներն այժմ առաջարկում է շաբաթական 5 չվերթ Բրյուսելից Երևան և «Eurowings»-ը շուտով՝ 2021 թվականի օգոստոսի 5-ից, ուղիղ չվերթներ կիրականացնի Քյոլնից:

«Մենք՝ որպես «Lufthansa» խմբի ավիաուղիներ, ուրախ ենք ավելացնել մեր ներկայությունը Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում և ներկայացնել մեր նոր՝ Երևան-Ֆրանկֆուրտ ուղղությունը՝ շաբաթական երեք չվերթ հաճախականությամբ: «Austrian» ավիաուղիների՝ դեպի Երևան իրականացվող չվերթերի 20 տարվա արդյունավետ գործունեությունից հետո, սկսած օգոստոսի 13-ից մեր խոշոր ավիափոխադրողներից մեկը՝ «Lufthansa»-ն, մուտք է գործելու շուկա և Հայաստանից մեկնող մեր ճանապարհորդներին աշխարհին միանալու ավելի շատ հնարավորություններ է առաջարկելու: Այս նոր միացումներով «Lufthansa» խումբը շուտով կառաջարկի շաբաթական մինչև 16 չվերթ հաճախականությամբ չվերթեր Երևանից Վիեննա, Բրյուսել, Քյոլն և Ֆրանկֆուրտ»,- նշել է Ուկրաինայի, Բելառուսի, Թուրքմենստանի և Հարավային Կովկասի վաճառքի գծով գլխավոր մենեջեր Ռենե Կոինչակը»:

--00—ԼՄ