Ջախջախված բանակով, մսխված սպառազինությամբ ի՞նչ պատերազմ, հո խելագար չենք. Սարգսյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 1, 24News

Արցախի հարցը լուծված չէ, քանի դեռ հստակեցված չէ Արցախի կարգավիճակի հարցը, և քանի դեռ արցախահայության  անվտանգությունը լրջագույն սպառնալիքի տակ է  ամեն օր և ամեն ժամ։ «Հետպատերազմյան Հայաստան. ի՞նչ քայլեր ձեռնարկել» խորագրով ժողովին այսօր այս մասին հայտարարեց ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը: 

«Ուզում եմ հույս հայտնել, որ հայ ժողովուրդը չի մոռացել իր արժանապատվության և իրավունքների մասին, չի մոռացել իր հազարամյա պատմության դառը դասերը և հետևություններ կանի, քանի դեռ ուշ չէ։ Պարտության և դավաճանության խարանն այլևս հավերժ կրող իշխանությունը մեզ փորձում է ներկայացնել որպես պատերազմի հրձիգներ՝ հանրության շրջանում բորբոքելով նոր պատերազմի հետ կապված վախեր»,- ասաց նա:

Սարգսյանը նշեց՝ ևս մեկ անգամ հայտարարում է՝ իրենք պատերազմի կուսակցություն չեն, պատերազմ չեն ուզում, քանզի անցել են արցախյան բոլոր պատերազմներով, քանզի իրենք էլ պատրաստ էին և հիմա էլ պատրաստ են ցանկացած զոհողության, ոչ թե հիմար որոշումների և բորբոքված մեծամտության արդյունքում մարդկանց  տանել մահվան բերան:

«Կապիտուլյանտները նոյեմբերի 10-ից ժողովրդին խաղաղությամբ են կերակրում, այնինչ, այդ օրվանից մինչև այսօր մենք շարունակում ենք կորուստներ կրել՝ մարդկային, տարածքային, բարոյական, անվտանգային։ Մենք դեմ ենք նոր պատերազմին. ջախջախված բանակով, մսխված սպառազինությամբ, քայքայված պետական ինստիտուտներով ի՞նչ պատերազմ։ Մենք հո խելագա՞ր չենք», - ասաց նա։

--00--ԱԹ