Ազգային տոնի առթիվ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Անգելա Մերկելին

ԵՐԵՎԱՆ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 3,  24 News

Մերկել

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Գերմանիայի Դաշնային Հանրապետության կանցլեր Անգելա Մերկելին՝ Ազգային տոնի առթիվ: Ուղերձում նշված է. 



«Ձերդ Գերազանցություն, 



Հայաստանի Հանրապետության և անձամբ իմ անունից սրտանց շնորհավորում եմ Ձեզ և Գերմանիայի բարեկամ ժողովրդին Ազգային տոնի կապակցությամբ:



31 տարի առաջ այս օրը պատմության մեջ շրջադարձային էր: Գերմանիայի ժողովուրդն օգտվեց ինքնորոշման իր անքակտելի իրավունքից՝ խաղաղ ճանապարհով հասնելով վերամիավորման:



Լինելով կայուն ժողովրդավարական համակարգ ունեցող երկիր` Գերմանիան շարունակում է մնալ միջազգային հանրության կարևոր և վստահելի անդամ:



Մենք մեծապես արժևորում ենք Գերմանիայի հետ երկկողմ և բազմակողմ ձևաչափով հարաբերությունների հետևողական զարգացումն ու խորացումը՝ քաղաքական, տնտեսական, կրթական, մշակութային, միջխորհրդարանական, ապակենտրոնացված և մի շարք այլ ոլորտներում:

Ուրախ եմ փաստել, որ այս ուղղությամբ վերջին տարիներին էական առաջընթաց է գրանցվել:



Լիահույս եմ, որ հետևողական քայլերով առավել կամրապնդենք հայ-գերմանական բարեկամական կապերը:



Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և հաջողություն, իսկ Գերմանիայի բարեկամ ժողովրդին` բարօրություն»:

 --00—ՄՀ