Առանց համարանիշի մեքենան այլ մեքենաների հետ խախտել է երթևեկությունը․ պարզվել է՝ «Ճվճվ Արոյի» որդին է

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 22, 24News

8

Նոյեմբերի 23-ին ՀՀ Ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի պարեկները մայրաքաղաքում իրականացրել են հատուկ օպերացիա: Պարեկային ծառայությունում մի քանի քաղաքացիներից ահազանգեր են ստացվել, որ մայրաքաղաքի տարբեր փողոցներում BMW 750L  մակնիշի առանց համարանիշների ավտոմեքենան և նրան ուղեկցող մի քանի ավտոմեքենաներ չարամտորեն խախտում են ճանապարհային երթևեկության կանոնները, անհարկի ձայնային ազդանշաններ թողնում, գրում է shamshyan.com-ը։

Ըստ աղբյուրի՝ նույն պահին Երևանի գնդի հրամանատար Խաչիկ Սամվելյանի հանձնարարականով սկսվել է հատուկ օպերացիա նրանց հայտնաբերելու համար: Պարեկները պարզել են, թե որ ուղղություններում են նրանք, հետապնդումը տևել է գրեթե 3 ժամ, որից հետո վերջիններս մի քանի ավտոմեքենաներով մայրաքաղաքից դուրս են եկել դեպի Երևան-Սևան մայրուղի: Ի վերջո, պարեկները  նրանց հայտնաբերել են Երևան-Սևան ավտոճանապարհի՝ Կոտայքի մարզի վարչական տարածքում գործող «Բալի» ռեստորանահյուրանոցային համալիրում: Այդ ընթացքում առանց համարանիշների BMW-ի վարորդը հեռախոսով կապի մեջ է մտել «Բալի»-ի աշխատակցի հետ ու նրան ասել, որ  համարներից մեկի հեռակառավարմամբ գործող մուտքը բացեն, ինչը և կատարվել է, ապա, հասնելով «Բալի» ռեստորանահյուրանոցային համալիր, մտել է 3-րդ հյուրասենյակ, իսկ նրա  հետ եղած անձինք էլ ավտոմեքենաները կայանել և բարձրացել են  2-րդ հարկի հյուրասենյակ:

Նրանց  թվում է, թե իրենք մոլորեցրել են պարեկներին, սակայն պարեկները ճիշտ հետքի վրա են կանգնել: Նշված համալիրից ոստիկանության Աբովյանի բաժին են բերման ենթարկվել 5 հոգի․ նրանք են  28-ամյա Սերժ Վարդանյանը,  24-ամյա Պետրոս Մինասյանը, 29-ամյա Սարգիս Սարգսյանը, 26-ամյա Վոլոդյա Մուրադյանը և 31-ամյա Մ. Պողոսյանը: Հյուրանոցի համալիրի բակում էլ հայտնաբերվել է BMW X6, Mercedes, Toyota Camry և առանց համարանիշների BMW-ն:

Վերջինս, ըստ տեղեկությունների, վարել է Ս. Վարդանյանը, նա «Ճվճվ Արոյի» քրեական պատմություններով հարուստ որդին է՝ «Ճվճվի Սերժուլիկ» մականվամբ: Ըստ տեղեկությունների՝ նա եղել է հետախուզման մեջ՝ ՀՀ քր օր-ի 316 հոդվածի հատկանիշներով և խափանման միջոց էր ընտրվել կալանավորումը: Փաստի առթիվ ոստիկանության Կոտայքի բաժնում նյութեր են նախապատրաստվում: 

--00—ԼՄ