ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 15, 24News
Մարտի 13-ին, Ժնևում ընթացող Մարդու իրավունքների խորհրդի 58-րդ նստաշրջանի երեխաների իրավունքներին նվիրված ամենամյա քննարկման երկրորդ հատվածում Հայաստանի երեխաների անունից ելույթով հանդես եկավ նաև Աննան, ով ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակին առընթեր Երեխաների իրավունքների պաշտպանության հարցով հանրային խորհրդի անդամ է։
Աննան իր ելույթում նշեց, որ այսօրվա աշխարհում շատ երեխաների և դեռահասների համար մանկությունը նշանավորվում է պատերազմներով, զինված հակամարտություններով և հումանիտար ճգնաժամերով։
Նա նշեց, որ 2020 թվականի պատերազմը և դրան հաջորդած իրադարձությունները՝ վախի մթնոլորտը և բռնի տեղահանումը, ծանր ազդեցություն են ունեցել Լեռնային Ղարաբաղի երեխաների համար, որոնց իրավունքները, ներառյալ կրթության և առողջապահության իրավունքը, ոտնահարվել են։
Աննան նշեց, որ երեխաների անվտանգությունն ու պաշտպանությունը,
քաղաքացիական ենթակառուցվածքները, ներառյալ դպրոցները, երբեք չպետք է դառնան քաղաքական տարաձայնությունների կամ վեճի առարկա և չպետք է թիրախավորվեն պատերազմների և ճգնաժամերի ժամանակ։
Աննան կոչ արեց պետություններին առաջնահերթ համարել երեխաների և նրանց իրավունքների պաշտպանությունը և համատեղ գործողություններ ձեռնարկել այդ ուղղությամբ:
Ավարտելով իր ելույթը՝ նա գորհունակությամբ նշեց, որ Հայաստանում երեխաներն ու երիտասարդները գնալով ավելի շատ են կենտրոնանում խաղաղ, արդար և ներդաշնակ երկիր և տարածաշրջան կառուցելու գաղափարի վրա։
--00—ՍՊ