«Սրբազան պայքարի» օրերին անհնազանդության ակցիայի համար կալանավորված 19-ամյա պատանին արդարացվել է

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 15, 24News

․

«Սրբազան պայքարի» օրերին անհնազանդության ակցիայի համար կալանավորված 19-ամյա Արսեն Վարդանյանը արդարացվել է: Այս ամասին հայտնել է փաստաբան Արամ Վարդեւանյանը:

«2024 թվականի մայիսի 10-ին 19 տարեկան Արսեն Վարդանյանը, ինչպես այլ վայրերում, այդպես էլ Երևան-Մեղրի ավտոճանապարհին անհնազանդության ակցիա էր իրականացրել: Ակցիան առանց պատշաճ օրինական պահանջ ներկայացնելու ոստիկանները որոշում են դադարեցնել (ինչպես շատ հաճախ ենք տեսնում): Արդյունքում Արսենին ձերբակալում են, մեղադրանք են առաջադրում՝ իբրև ոստիկանի ծառայողական գործունեությանը միջամտելու նպատակով բռնություն է գործադրել ոստիկանի նկատմամբ: Արսենին կալանավորում են երկու ամսով: Արսենի նկատմամբ մեղադրանքը բացառապես կառուցված է լինում ոստիկանների կողմից տրված ցուցմունքների վրա, իսկ միակ տեսանյութը որն առկա էր՝ փաստացի հերքում էր որևէ բռնության հանգամանքը: Նման փաստական տվյալներով, բացառապես ոստիկանների ցուցմունքների հիման վրա մեղադրանքները վերջերս շատ տարածված են, հայտնի՝ քրեական օրենսգրքի 452-րդ հոդվածի 3-րդ մասին է վերաբերում խոսքս:

Գործընկերների հետ ստսնձնեցինք Արսենի պաշտպանությունը, 2024 թվականի հունիսի 26-ին կալանքը որպես խափանման միջոց վերացվեց և 2025 թվականի մարտի 12-ին իրապես պատվարժան, Դատավոր Բախշիյանի կողմից հրապարակվեց արդարացման վերդիկտ:

Հիշեցման կարգով, վերջին տարիներին ոստիկանի նկատմամբ ենթադրյալ բռնություն գործադրելու դեպքերով քրեական գործերը, այդ թվում դատարան ուղարկված բազմաթիվ են, իսկ ոստիկանի կողմից բռնություն կիրառելու դեպք, որ ուղարկվի Դատարան՝ չեմ նկատել»,- գրել է նա:

--00—ԱՀ