ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 15, 24News
Երևանի քաղաքապետարանն ունի թեժ գիծ, Մալաթիա վարչական շրջանի ղեկավարը նույնպես ունի թեժ գիծ, նմանատիպ թեժ գիծ ունի նաև «Վեոլիա ջուր»-ը, սակայն ում են պետք է այդ թեժ գծերը, երբ բնակիչը խնդիր ունենալու ժամանակ զանգահարում է նշված թեժ գծեր, սակայն ոչ մի արդյունք։ Այս մասին գրում է Shamshyan.com-ը։
Այսօր՝ մարտի 15-ին, Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Միքայելյան 70 շենքի բնակիչները բողոքում էին Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանից, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար Ռոմիկ Մխիթարյանից և «Վեոլիա ջուր» ընկերությունից, ասելով, որ 2 օր է՝ շենքի չորս կողմը ողողված է կեղտաջրերով, սակայն այդ երեք կառույցներն իրար հետ չեն փորձում խնդիրը լուծել։
«Երկու օր է՝ էս անտանելի վիճակն է։ Ահազանգել ենք է՛լ Երևանի քաղաքապետարան, է՛լ Մալաթիայի թաղապետարան, է՛լ «Վեոլիա ջուր», սակայն այդ երեք կառույցներից ոչ մի դրական պատասխան։ Ով է տեսել՝ 21-րդ դարում աշխարհի մայրաքաղաքներից մեկում, այն էլ հնագույններից համարվող, նման պատկերի ականատես լինես, որը տևի մի քանի օր։ Վճարումները կանոնավոր կատարում ենք, էնպես չի, որ «Վեոլիա ջրին» պարտք ենք, բայց մեր կատարած պարտավորության դիմաց ստանում ենք 0 արդյունք։ Քաղաքապետարան, թաղապետարան, արդեն երևի մեր համարներն իրնց մոտ ֆիքսված է, տեսնում են մեր համարներն ու արդեն ալարում են անգամ հեռախոսազանգերին պատասխանեն։ Ուզում ենք իմանանք՝ եթե նույն պատկերը լիներ Տիգրան Ավինյանի կամ Ռ․ Մխիթարյանի տների մոտ՝ կհանդուրժեի՞ն, չենք կարծում, այլ միանգամից «Վեոլիա ջրին» օդերով կհանեին, իսկ մեզ մոտ քանի օր է՝ գարշահոտ վիճակ է։ Արդեն գարուն է ու օրերը տաքացել են, երեխաները ուզում են դրսում խաղալ, բայց խաղալու տեղ էլ չի մնացել, ամենուր ողողված է այդ կեղտաջրերով, դե իսկ տների լուսամուտները բացելու և օդափոխելու մասին խոսք լինել անգամ չի կարող»,- նշել են բնակիչները։
--00—ԱՀ