Գլխավոր դատախազ Վարդապետյանը Կոլեգիայի անդամներին է ներկայացրել նորանշանակ տեղակալ Մանասյանին

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 9, 24News

․

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը նոյեմբերի 9-ին Կոլեգիայի անդամներին է ներկայացրել գլխավոր դատախազի նորանշանակ տեղակալ Անահիտ Մանասյանին:

Ինչպես տեղեկացրին ՀՀ դատախազությունից, Աննա Վարդապետյանը շնորհավորել է Անահիտ Մանասյանին պարտականություններն ստանձնելու կապակցությամբ և, բարձր գնահատելով նորանշանակ տեղակալի մասնագիտական և մարդկային որակներն ու կարողությունները, համոզմունք է հայտնել, որ դրանք կնպաստեն համակարգման ոլորտներում էական առաջընթաց գրանցելու նպատակին:

«Գլխավոր դատախազը Կոլեգիայի անդամներին տեղեկացրել է, որ նորանշանակ տեղակալը, ի թիվս այլնի, համակարգելու է այն ոլորտները, որոնք վերաբերում են միջազգային համագործակցությանը, իրավական բարեփոխումներին, դատախազների շարունակական կրթությանը, էթիկային, ինչպես նաև ղեկավարելու է դատախազության «Օրինականություն»  գիտագործնական և ուսումնամեթոդական հանդեսի՝ միջազգային չափանիշներին համապատասխանեցնելու գործընթացը»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի՝ Անահիտ Մանասյանը շնորհակալություն է հայտնել գլխավոր դատախազ Վարդապետյանին՝ պատասխանատու և պատվաբեր աշխատանքն իրեն վստահելու համար և վստահություն հայտնել, որ համատեղ ազնիվ, պարկեշտ, բարեվարք, անաչառ ու արհեստավարժ աշխատանքի և ձևավորված լավ ավանդույթները պահպանելու միջոցով հնարավոր կլինի զարգացնել դատախազության համակարգն ու դարձնել իրավական նոր մշակույթի առաջամարտիկը:

Նշվում է, որ Կոլեգիայի անդամները շնորհավորել և բարի գալուստ են մաղթել նորանշանակ տեղակալին:

--00--ԱՀ