ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 17, 24News
«Դասարան» կրթական ծրագրի հիմնադիր Սուրեն Ալոյանն ազատության մեջ է: Այս մասին տեղեկացնում է փաստաբան Լեւոն Սահակյանը` հրապարակելով լուսանկարը:
Հիշեցնենք, որ Ալոյանի ձերբակալության մասին հայտնի դարձավ սեպտեմբերի 15-ին, իսկ սեպտեմբերի 16-ին ՀՀ Քննչական կոմիտեն հայտարարեց, որ նա ձերբակալվել է ՊՆ-ի գնման ընթացակարգում արձանագրված չարաշահումների դեպքերի առթիվ հարուցված քրեական գործով:
«Կատարված նախաքննությամբ պարզվել է, որ ԳեւորգԱլթունյանը, զբաղեցնելով ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետի պաշտոնը, հանդիսանալով պետական մարմնում մշտապես կազմակերպական-տնօրինչական գործառույթներ իրականացնող պաշտոնատար անձ և սահմանված կարգով նշանակված լինելով ՀՀ պաշտպանության նախարարության կարիքների համար 2019, 2020 և 2021 թվականներին կազմակերպված N ծածկագրերով թվով երեք գնման ընթացակարգերում պատասխանատու ստորաբաժանման ղեկավար, պաշտոնեական դիրքն օգտագործելով «Էլ …» ՍՊ ընկերության տնօրեն Ա.Բ.-ի հետ նախնական համաձայնությամբ, խմբի կազմում, «Նոր …» հասարակական կազմակերպության տնօրեն, «DASARAN.AM» ապրանքային նշանի սեփականատեր Ս.Ա.-ի և գնումների հայտերը նախագծած անձանց՝ ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության ՎՏԱ բաժնի պետ Կ.Պ.-ի և նույն վարչության գլխավոր մասնագետ Ա.Ա.-ի օժանդակությամբ, պաշտոնական փաստաթղթերում մտցրել են ակնհայտ կեղծ տեղեկություններ և խաբեության եղանակով, շահադիտական նպատակով, 2019-2021 թվականների ընթացքում պետությունից հափշտակել առանձնապես խոշոր չափերով՝ 106.300.000 ՀՀ դրամ», - նշել էր ՔԿ-ն:
Ալոյանին մեղադրանք է առաջադրվել յուրացումներ ու պաշտոնեական կեղծիք կատարելուն օժանդակելու մեջ:
--00—ԼՀ