ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 12, 24News
Վլադիմիր Պուտինի երդմնակալությանը մասնակցելու համար աշխատանքային, նպատակահարմարության ու օրերի հետ կապված հարցեր կան, քննարկում ենք, դեռ որոշում չկա, եթե լինի՝ վարչապետի աշխատակազմը տեղյակ կպահի։ Այս մասին 24News-ի հետ զրույցում նշեց ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը։
Հարցին, թե բացառո՞ւմ եք, որ հնարավոր է չմասնակցենք, Խանդանյանը նշեց, որ որևէ բան բացառել պետք չէ։ Խոսելով այն հարցից, որ ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը նշել էր, որ հանդիպում է լինելու ՌԴ նախագահի և ՀՀ վարչապետի միջև, պատգամավորը նշեց, որ տեղյակ չէ՝ հանդիպման առաջարկ կա՞, թե ոչ, եթե որոշում լինի, կտեղեկացվի։
Դիտարկմանը, եթե ՀՀ-ն չմասնակցի Պուտինի երդմնակալությանը, արդյոք դա դիրքորոշում արտահայտել չէ՞, Խանդանյանը նշեց, որ այցերը կարևոր են, բայց առանցքային հարցեր չեն և չեն կարող ազդել հարաբերությունների վրա, դրա վրա ազդող գործոններն ավելի խորն են։ Ինչ վերաբերում է ԵԱՏՄ գագաթնաժողովին մասնակցելուն, պատգամավորը նշեց, որ այս հարցում ևս որոշում չկա։
Անդրադառնալով տնտեսության դիվերսիֆիկացմանը և ՌԴ-ից հնչող հայտարարություններին, թե նպատակ կա ՀՀ-ին ՀԱՊԿ-ից ու ԵԱՏՄ-ից հեռացնել, Խանդանյանը ասաց, որ իր համար տարակուսելի են ՌԴ որոշ պաշտոնյաների հայտարարությունները, քանի որ Հայաստանի տնտեսական զարգացումը ուղղված չէ ՌԴ-ի դեմ, ՀՀ-ի նպատակն է՝ զարգանալ և նոր շուկաների հասանելիություն ստանալ։
Մանրամասները՝ տեսանյութում։
Հերմինե Միքայելյան
--00—ԱՊ