ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 18, 24News
Առնվազն 40 մարդ բերման է ենթարկվել Արևմտյան շրջանային դատարանի մոտ տեղի ունեցած ցույցի ժամանակ, որտեղ լսումներ էին ընթանում Հարավային Կորեայի նախագահ Յուն Սոկ-Յոլի կալանքը երկարացնելու հարցի շուրջ։ Այս մասին հայտնում է Yonhap գործակալությունը։
Նշվում է, որ ակցիայի ժամանակ տղամարդը բարձրացել է դատարանի ցանկապատի վրա և ձերբակալվել դեպքի վայրում: Քաղաքացին պահանջել է նախագահին ազատ արձակել, դրանից հետո ևս 16 մարդ ցանկապատի վրայով ներխուժել է դատարանի տարածք։ Նրանք բերման են ենթարկվել։ Ենթադրվում է, որ նրանք նախագահի կողմնակիցներն են:
Ընդհանուր առմամբ, դատարանի տարածք ներխուժելու համար գործ է հարուցվել 22 անձի նկատմամբ։
Դատարանի դիմաց ընթանում է նախագահի կողմնակիցների ցույցը՝ նրան կալանքից ազատելու պահանջով։ Ոստիկանությունը հաշվարկել է, որ մասնակցել է մինչև 44,000 մարդ։
Կալանքի երկարաձգման վերաբերյալ նիստը սկսվել է ժամը 14:00-ի սահմաններում, իսկ նիստն ավարտվել է մինչև 19:00-ն: Ելնելով նախկին նախագահների մասնակցությամբ նմանատիպ լսումների փորձից, ակնկալվում է, որ դատավճիռը կարող է սպասվել մինչև ուշ գիշեր:
Հիշեցնենք, որ հունվարի 15-ին երկրի պատմության մեջ առաջին անգամ ձերբակալվել է Կորեայի Հանրապետության գործող նախագահը։ Ձերբակալման օրդեր է տրվել այն բանից հետո, երբ Յուն Սոկ-Յոլը երեք անգամ չի ներկայացել հարցաքննության։
Հարավային Կորեայի օրենսդրությունը թույլ է տալիս պատասխանատվության ենթարկել գործող պետության ղեկավարին՝ խռովության և դավաճանության մեղադրանքով: Ռազմական դրության դեպքերի պատճառով Յոլը կասկածվում է ապստամբություն կազմակերպելու մեջ՝ որպես դավադիրների առաջնորդ։
Դեկտեմբերի 14-ին խորհրդարանը նրան իմփիչմենթի ենթարկեց ռազմական դրության դեպքերի պատճառով, սակայն մինչև Սահմանադրական դատարանի որոշումը նրա լիազորությունները համարվում են կասեցված։
--00—ՅՄ