Մեծ Բրիտանիան պատրաստ է իր զորքերը տեղակայել Ուկրաինայի տարածքում. Սթարմեր

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 17, 24News

.

Միացյալ Թագավորությունը պատրաստ է իր զորքերը տեղակայել Ուկրաինայի տարածքում՝ ապահովելու հետագա հաշտության համաձայնագրի կատարումը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հայտնել է The Telegraph թերթում հրապարակված իր հոդվածում։

«Մեծ Բրիտանիան պատրաստ է առաջատար դեր խաղալ Ուկրաինայի անվտանգության երաշխիքների ուղղությամբ աշխատանքն արագացնելու գործում», - ասվում է Սթարմերի հոդվածում։

Նա նշել է, որ դա ներառում է հետագա աջակցություն Ուկրաինայի զինված ուժերին, որի համար Մեծ Բրիտանիան արդեն պարտավորություն է ստանձնել մինչև 2030 թվականը տրամադրել տարեկան 3 միլիարդ ֆունտ ստեռլինգ։ 

«Բայց դա նաև նշանակում է պատրաստակամություն և ցանկություն՝ իր ավանդը ներդնելու Ուկրաինայի անվտանգության երաշխիքներն ապահովելու գործում, անհրաժեշտության դեպքում՝ սեփական զորքերն ուղարկելով», - հայտարարել է Մեծ Բրիտանիայի վարչապետը։

Սթարմերն ընդգծել է, որ հասկանում է «բրիտանացի զինծառայողների համար հնարավոր վտանգի» հետ կապված պատասխանատվությունը։

«Բայց ցանկացած օգնություն Ուկրաինայի անվտանգության ապահովման հարցում օգնում է երաշխավորելու մեր մայրցամաքի և այս երկրի անվտանգությունը», - հայտարարել է նա։

Սթարմերի կարծիքով՝ Բրիտանիան կարող է «բացառիկ դեր» խաղալ Ուկրաինայում խաղաղության հասնելու գործընթացում՝ որպես կամուրջ Եվրոպայի և ԱՄՆ-ի միջև։

«Մենք պետք է հստակ հասկանանք, որ խաղաղությունը չի կարող ձեռք բերվել ցանկացած գնով: Ուկրաինան պետք է լինի այդ բանակցությունների սեղանի շուրջը», - իր հոդվածում ասել է Մեծ Բրիտանիայի վարչապետը։

Վարչապետի հոդվածը հրապարակվել է Փարիզում հրավիրված հանդիպման նախաշեմին, որը տեղի է ունենալու Ֆրանսիայի, Գերմանիայի, Իտալիայի, Լեհաստանի, Իսպանիայի, Նիդեռլանդների, Դանիայի, Եվրոպական հանձնաժողովի, Եվրոպական խորհրդի և ՆԱՏՕ-ի ղեկավարների մասնակցությամբ։

Փարիզի հանդիպումից հետո Քիր Սթարմերը պլանավորում է Վաշինգտոնում հանդիպել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ։


--00--ԱՀ