ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 4, 24News
Աշխարհի 500 ամենահարուստ մարդկանց ընդհանուր կարողությունը 208 միլիարդ դոլարով նվազվել է այն բանից հետո, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարած մաքսատուրքերն աշխարհի շուկաներում համատարած անկման են հանգեցրել: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդել է Bloomberg-ը։
Ըստ Bloomberg Billionaires Index-ի տվյալների՝ դա մեկ օրվա ընթացքում մեծությամբ չորրորդ անկումն է ինդեքսի 13-ամյա պատմության ընթացքում և ամենազգալին՝ COVID-19 համավարակի ժամանակներից ի վեր։ Նշվում է, որ ցուցակում ընդգրկված միլիարդատերերի կեսից ավելիի կարողությունը կրճատվել է միջինը 3,3%-ով։
Հաշվարկների համաձայն՝ առավել լուրջ տուժել են ամերիկացի միլիարդատերերը, մասնավորապես՝ Meta կորպորացիայի ղեկավար Մարկ Ցուկերբերգը և Amazon-ի հիմնադիր Ջեֆ Բեզոսը։ Մեքսիկայի ամենահարուստ մարդը՝ Կառլոս Սլիմը, Միացյալ Նահանգների սահմաններից դուրս այն ոչ շատ միլիարդատերերի թվում է, որոնք զերծ են մնացել մաքսատուրքերի բացասական ազդեցությունից, նշում է Bloomberg-ը։
Ամենամեծ կորուստները կրել է Ցուկերբերգը. Meta-ի բաժնետոմսերի 9%-ով անկումը նրա կարողությունը կրճատել է 17,9 մլրդ դոլարով, ասված է հրապարակման մեջ։ Amazon-ի բաժնետոմսերը նույնպես նվազել են 9%-ով, ինչը հանգեցրել է Ջեֆ Բեզոսի կարողության նվազմանը 15,9 մլրդ դոլարով։ Tesla-ի ղեկավար Իլոն Մասկը կորցրել է 11 մլրդ դոլար ընկերության բաժնետոմսերի 5,5%-ով անկումից հետո։
Թրամփն ապրիլի 2-ին հայտարարել է 185 երկրներից և տարածքներից ներմուծվող ապրանքների համար մաքսատուրքեր սահմանելու մասին։ Նա հայտարարել է, որ նվազագույն մաքսատուրքը կսահմանի 10 տոկոսի չափով։ Առանձին պետությունների համար նա սահմանել է անհատական մաքսատուրքեր։ Մաքսատուրքերի սահմանումից հետո ԱՄՆ-ի շուկան ահռելի անկում է ապրել:
--00--ԱՀ