ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 23, 24News
«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանի կարծիքով, չնայած խմբակցության առաջարկություններն ընդունվել են, բայց կան բացեր։ Այս մասին նա հայտարարել է ԱԺ արտահերթ նիստում, անդրադառնաով Կառավարության ներկայացրած Քրեական օրենսգրքի ու Վարչական իրավախախտումների մասին օրենսգրքի նախագծերի փաթեթին:
Ըստ Սիմոնյանի՝ խնդիրը հիմնականում վերաբերում է մեկուսացման և ինքնամեկուսացման կանոններին․
«Մեր անհամաձայնությունը Կառավարության հետ այն է, որ վերջինս կարծում է, թե այս կանոններն արդեն իսկ գոյություն ունեն, և հղում է կատարում Կառավարության որոշմանը, մինչդեռ մեկուսացման և ինքնամեկուսացման կանոնները, այն է՝ անձի հիմնարար իրավունքները սահմանափակող ցանկացած կանոն կարող է սահմանվի բացառապես օրենքով, ինչը ոչ միայն Սահմանադրության այլև ՄԻԵԴ պահանջն է»։
Պատգամավորի դիտարկմամբ՝ կան կանոններ, երբ անձինք պետք է կոնկրետ կանոնների վերաբերյալ տեղեկացված լինեն կոնկրետ անձանց միջոցով և եթե տեղեկացումը չլինի, կառավարությունը բացառապես ԶԼՄ-ների միջոցով հայտնի թե որոնք են մեկուսացում կամ ինքնամեկուսացում են ենթադրող կանոնները, քրեական գործ հարուցելու համար բավարար հիմքեր չեն լինի։
Սիմոնյանը հորդորել է օրենքի մակարդակով օր առաջ նախաձեռնել նման կանոնների սահմանում, որ այս քրեական և վարչական հոդվածները կիրառական պրակտիկայում իմաստ ունենան:
ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ ընդունեց «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը, որով առաջարկվում է արտակարգ իրավիճակի հիմքով հայտարարված արտակարգ դրության ժամանակ մեկուսցաման կամ ինքնամեկուսացման պահանջները խախտելու դեպքում սահմանել վարչական պատասխանատվություն՝ սահմանված նվազագույն աշխատավարձի 300-500-ապատիկի չափով կամ կալանքով՝ առվելագույնը 1 ամիս ժամկետով, որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով առավելագույնը 2 տարի ժամկետով կամ առանց դրա։