Ապօրինի թմրաշրջանառության հերթական դեպքն է բացահայտվել․ երկու անձ ձերբակալվել է

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 22, 24News

photo_2025-03-22_14-39-18

Քրեական ոստիկանության Թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողները, իրացնելով ստացած օպերատիվ տվյալները, մայրաքաղաքի Եկմալյան փողոցում, ապօրինի թմրամիջոց ձեռք բերելու, պահելու և իրացնելու հիմնավոր կասկածանքով ձերբակալել ու Համայնքային ոստիկանության Կենտրոնական բաժին են տեղափոխել 39-ամյա մի տղամարդու։

Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է մեթամֆետամինի նմանվող զանգված:

Պարզվել է, որ տղամարդուն թմրամիջոցն իրացրել է 47-ամյա մի տղամարդ։

Հետագա միջոցառումներով նա հայտնաբերվել է մայրաքաղաքի Պարոնյան փողոցում, ձերբակալվել և իր «Կիա» մակնիշի ավտոմեքենայով հանդերձ տեղափոխվել Կենտրոնական բաժին: Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել են բյուրեղանման և դեղնականաչավուն զանգվածներով փաթեթներ, որոնք, ըստ տղամարդու, մեթամֆետամին և մարիխուանա են:

Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում դատարանի որոշմամբ խուզարկություն է կատարվել 47-ամյա տղամարդու բնակարանում։ Հայտնաբերվել են 4,64 գրամ մեթամֆետամինի և 12,26 գրամ մարիխուանայի նմանվող զանգվածներ:

Քրեական վարույթը շարունակվում է։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

--00—ՅՄ