ԵՐԵՎԱՆ, ՀՈւԼԻՍԻ 2, 24News
ՀՀ առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ կորոնավիրուսային հիվանդության՝ Հայաստան թափանցման առաջին իսկ օրերից Հայկական Կարմիր խաչը, «Ամբրա» հոգեկան բարեկեցության կենտրոնը, Հայկական հոգեբուժական ասոցիացիան, «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան» և «Հայկական բժշկական ասոցիացիա» ՀԿ-ներն իրենց ծառայություններն են առաջարկել սոցիալ-հոգեբանական աջակցության ուղղությամբ:
«Հայկական Կարմիր խաչի ընկերությունը՝ որպես կառավարությանն աջակցող կառույց մարդասիրական ոլորտում, արտակարգ ռեժիմով առողջապահության նախարարության հետ համագործակցությամբ, շարունակում է իր Սոցիալ-հոգեբանական աջակցության կենտրոնների հոգեբանների միջոցով խորհրդատվություն տրամադրել անհանգստություններ ունեցող քաղաքացիներին, այդ թվում՝ մեկուսացված անձանց։
Դիմողների, հատկապես վարակվածների և մեկուսացվածների հետ տարվող աշխատանքն ուղղված է հիմնականում անձի հոգեբանական վիճակի կայունացմանը, ինչպես նաև մեկուսացման և սոցիալական շփումների սահմանափակման կանոնների պահպանմանը, ինչն իր հերթին նպաստում է վարակի տարածման կանխմանը։
Դիմողների հետ աշխատանքը տարվում է` հաշվի առնելով տարիքային առանձնահատկությունները, սեռը և ընտանեկան կարգավիճակը», – ասված է տարածված հաղորդագրության մեջ:
--00—ԼՄ