ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 15, 24News
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Ադրբեջանի արտաքին գերատեսչության ղեկավար Ջեյհուն Բայրամովի հետ հեռախոսազրույց է ունեցել: Այս մասին հայտնում է ՌԴ ԱԳՆ-ն: Հեռախոսազրույցը կայացել է ադրբեջանական կողմի նախաձեռնությամբ:
Ի զարգացումն ՌԴ և Ադրբեջանի ղեկավարների շփումների՝ ԱԳ նախարարները մանրամասնորեն քննարկել են ՀՀ, ՌԴ և Ադրբեջանի ղեկավարների համատեղ հայտարարության կատարման ընթացքը: Առանձին ուշադրություն է հատկացվել ՌԴ ԶՈւ խաղաղապահ զորակազմի տեղակայման և նրանց աշխատանքների կազմակերպման համատեքստում կատարվելիք գործնական քայլերին:
Բայրամովի խնդրանքով ՌԴ ԱԳ նախարարը տեղեկացրել է ՌԴ նախագահի նոյեմբերի 13-ի «Հումանիտար արձագանքման միջգերատեսչական կենտրոնի» ստեղծման վերաբերյալ հրամանագրի իրականացման հիմնական ուղղություններով կատարվելիք աշխատանքների մասին:
Նախարարները վերահաստատել են միջազգային կազմակերպությունների՝ այդ թվում ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՅՈՒՆԵՍԿՕ-ի և Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ակտիվ ներգրավման անհրաժեշտությունը` հետհակամարտային վերականգնմանը, մարդասիրական խնդիրների լուծման և տարածաշրջանում կրոնական և մշակութային ժառանգության պահպանմանը նպաստելու նպատակով:
--00--ԱԹ