ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 5, 24News
Ռուսաստանը մտադիր չէ Հայաստանի և Ադրբեջանի հետ շփվելու բացառիկ իրավունք ձեռք բերել։ Այս մասին, ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը, ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։
«Ռուսական կողմը չի հավակնում Հայաստանի և Ադրբեջանի հետ հաղորդակցության մենաշնորհի, թեև այդ երկրների և ժողովուրդների հետ մեզ կապում է երկար և սերտ բարեկամությունը, լայնածավալ գործընկերությունը բոլոր ուղղություններով», - ասված է փաստաթղթում։
Հայտարարության մեջ ասվում է, որ եռակողմ հայտարարության ընդունումից մեկ տարի անց կարելի է միանշանակ հերքել սոցիալական ցանցերում տեղեկատվական լցոնումներն այն մասին, որ Ռուսաստանի խաղաղապահ ջանքերն ուղղված են, իբր, Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանին հանձնելուն և Հայաստանը պրոտեկտորատի վերածելուն։
«Այսպիսի հայտարարությունները կրում են պոպուլիստական բնույթ, կատարում են միանգամայն ակնհայտ արտաքին պատվեր և իրականության հետ կապ չունեն», - նշել են ԱԳՆ-ից։
Ինչպես նշվում է Մոսկվայի նախաձեռնած եռակողմ փաստաթղթերն ու մեխանիզմները պարտադրված չեն եղել կողմերին, այլ հիմնվել են շահերի ստուգված հավասարակշռության վրա։
«Մեր մի շարք նախաձեռնությունների շուրջ համաձայնության չեկանք, և դա նորմալ է։ Մյուս կողմից, արդեն իսկ հաստատված համաձայնությունը, ինչպես ասում են, ձեռք է բերվել տառապանքով և արդյունավետորեն իրականացվում է գործնականում», - ընդգծել են ՌԴ ԱԳՆ-ից։
--00--ԱՀ