ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 17, 24News
Փաշինյանը հասկացել է, որ Ադրբեջանի հետ «խաղաղության պայմանագիր» կնքելը հեշտ չէ, ավելի շատ վտանգներ է պարունակում, քան հեռանկարներ, դա է պատճառը, որ ասաց՝ պատրաստ եմ փաստաթուղթը ստորագրել, եթե դա հանգեցնի խաղաղության, և ոչ թե նոր պատերազմի հիմք դառնա: Այդ փաստաթուղթը հաջողված կլիներ, եթե երկու կողմերն էլ ցանկանային հասնել խաղաղության, բայց ակնհայտորեն Ադրբեջանը դա չի ցանկանում, նրան պետք է պայմանագիր, որպեսզի դրա հիման վրա կարողանա նոր պատերազմ հրահրել: 24TV-ի հաղորդման ժամանակ նշեց քաղաքական վերլուծաբան Արմեն Բաղդասարյանը:
Բաղդաասարյանի կարծիքով, Ադրբեջանը առաջարկում է պայմանագրում ֆիքսել ՀՀ սահմանները, որի արդյունքում՝ տիրանալ անկլավներին, ստանալ Սյունիքով արտատարածքային միջանցք և փաստաթղթում ամրագրել ադրբեջանցի փախստականների վերադարձը Հայաստան՝ Սյունիք, Սևանի ավազան, Արարատյան դաշտավայր, եթե դա հաջողվի նրանց փաստաթղթում ամրագրել, ապա դա շատ արագ կհանգեցնի նոր պատերազմի: «Ադրբեջանի խնդիրը միայն Սյունիքի միջանցքի վերահսկողությունը չէ, նույնիսկ միջանցքը Ադրբեջանին պետք չէ, նրանք Նախիջևանի ու Թուրքիայի հետ կապվելու խնդիր չունեն:
Միջանցքը պատրվակ է ամբողջ Սյունիքը օկուպացնելու համար, հասկանալի է, թե ինչ կլինի, եթե իրենք այս միջանցքը ստանան, պրովոկացիաներ կանեն, զորք կմտցնեն, իբր իրենց բեռների անվտանգությունն ապահովելու համար են անում»,- ավելացրեց վերլուծաբանը:
Բաղդասարյանն ընդգծեց, որ հայ-ադրբեջանական հակամարտությունը Արևմուտքի համար ոչ թե խնդիր է, որը պետք է կարգավորել, այլ ռեսուրս, որն ուզում է օգտագործել իր աշխարհաքաղաքական նպատակներին հասնելու համար:
«Արևմուտքն ուզում է այս տարածաշրջանի միջոցով Ռուսաստանին թուլացնել և ամրապնդել սեփական քաղաքականությունը: Արևմուտքի համար դրական հեռանկար է, որ թուրք-ադրբեջանական տանդեմը կարող է կտրել Իրանը ՌԴ-ից, իսկ եթե չստացվի, ՌԴ-ին կարող է քաշել երկրորդ ճակատ:
Արևմուտքի համար մի քանի սցենար կա, որոնցից որևէ մեկը մեր օգտին չէ, յուրաքանչյուրն անվտանգության տեսանկյունից ձեռնտու է միայն իրեն: Ռուսաստանին ձեռնտու է, որ Արցախում հայ բնակչություն մնա ու պատերազմ չսկսվի, այդ երկու հարցերում մեր շահերը համընկնում են և որոշ ակնկալիքներ կարող ենք ունենալ: Բայց ՌԴ-ի համար Թուրքիայի հետ հարաբերությունները շատ ավելի կարևոր են, քան ՀՀ-ի հետ հարաբերությունները, բացի այդ, նա, իր հերթին, վերահսկողություն է ուզում սահմանել Սյունիքով, այդ հարցում էլ ՀՀ-ի ու ՌԴ-ի շահերը չեն համընկնում: Հաշվի առնելով, որ Հայաստանի անվտանգության առումով կարևորագույն է ՌԴ-ի դերը, ապա ճիշտ է իրենց հարթակում հարցը քննակել»,- ավելացրեց Բաղդասարյանը:
Մանրամասները՝ տեսանյութում:
Հերմինե Միքայելյան
--00—ԱՊ