Մինսկի խումբը Բաքվին ասում է՝ չկարծեք միայն սպիտակ ու փափլիկ ենք, եթե պատերազմ սկսեք՝ ձեզ կպատժենք

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 1, 24News

Եթե Լաչինի միջանցքում տեսահսկող սարք տեղադրվի, ո՞վ է վերահսկելու այդ տեսախցիկները, եթե մաքսանենգության դեմ սարքեր են դնում ՀՀ-ն ու Արցախը, դա այլ բան է, բայց եթե այլ երկիր է վերահսկելու, դա մեր ազատության սահմանափակման և ներքին գործերին միջամտելու փորձ կլինի, չպետք է համաձայնվել: Այս մասին 24TV-ի հաղորդման ժամանակ ասաց Գերագույն խորհրդի պատգամավոր Ազատ Արշակյանը:

Անդրադառնալով Բաքվի այն պնդումներին, թե կարող են ապահովել Արցախի ժողովրդի իրավունքներն ու անվտանգությունը, Արշակյանը նկատեց, որ Ադրբեջանն իր երկրի քաղաքացիների իրավունքները չի հարգում, ինչպե՞ս է ապահովելու արցախցիների իրավունքները, հայկական կողմը պետք է այդ հարցը տարբեր հարթակներում բարձրացնի: «Ադրբեջանում նույնիսկ ընտրությունների միջոցով իշխանափոխություն չի լինում, քաղաքական սպանություններ են տեղի ունենում, քաղաքական հայացքների համար բանտարկվում են, կրոնական փոքրամասնությունները հալածվում են, Հայաստանի իշխանությունն աշխարհին պետք է ասի՝ մենք այդ իրավունքը չենք ուզում, եթե դա այդքան լավ է, տարեք ԵՄ ձեր իրավունքը:

Իշխանությունը Բաքվին պետք է ասի՝ եթե խանություն եք ուզում պարտադրել հայերիս, մենք ժողովրդավարական երկիր ենք, չենք համաձայնվի»,- ավելացրեց նա: Անդրադառնալով «Խաղաղության պայմանագրի» կնքմանը, Արշակյանը նշեց, որ տարածաշրջանին պարտադրում են խաղաղություն և թուլ չեն տալիս, որ Ադրբեջանը ռազմական էսկալացիայի դիմի: «Ադրբեջանը կարող է պատերազմը շարունակել, ռազմական մեծ պոտենցիալ և հավատարիմ դաշնակիցներ ունի՝ Թուրքիա, Բելառուս, Ղազախստան, որոնք հայտարարել են, որ հավատարիմ են Ադրբեջանի շահերի պահպանմանը, եթե իրենցով լիներ՝ Երևանը Իրէվան էին սարքել, ՀՀ-ն էլ՝ Ղարսի նահանգի կցորդ:

Բայց Մինսկի խմբի համանախագահները Ադրբեջանին պարտադրում են խաղաղություն, իսկ նրանք ավելի ուժեղ են, քան Ադրբեջանը, Բելառուսը, Ղազախստանը, Թուրքիան, Պակիստանը միասին: Մինսկի խումբը Բաքվին ասում է՝ եթե ուժով եք ուզում Արցախի հարցը լուծել, զգույշ եղեք, մենք ատոմային ռումբ օգտագործելու կուլտուրա ունենք, ձեզ կջարդենք, չկարծեք, թե միայն սպիտակ ու փափլիկ ենք, եթե պատերազմ սկսեք, մենք ձեզ կպատժենք»,- ընդգծեց Արշակյանը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Հերմինե Միքայելյան

--00—ԱՊ