ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 17, 24News
Ռումինիան ներկայացնող ծանրորդ Անդրեա Կոտրուտան Երևանում ընթացող Եվրոպայի առաջնության ժամանակ կորցրել է գիտակցությունը, ինչը, սակայն, նրան չի խանգարել ոսկե մեդալ նվաճել։
Կոտրուտան 55 կգ քաշային կարգում հրում վարժությունում իր երկրորդ փորձի ժամանակ գիտակցությունը կորցնելուց հետո ընկել է մեջքի վրա։ Նրա մոտ շտապել է հերթապահ բժիշկը, սակայն ռումինուհին շուտով ոտքի է կանգնել, գրում է armsport.am-ը։
«Ես պարզապես չգիտեմ, թե ինչ է պատահել ինձ հետ», – ծանրորդուհու խոսքերն է մեջբերում Inside the Games-ը:
«Ես տեսա հրեշտակներ, տեսա մարդկանց, ովքեր թռչում էին դահլիճի շուրջը, և ես ընկա»:
Կոտրուտին ընդամենը 1 րոպե ուներ վերականգնվելու մինչև վերջին փորձը: 19-ամյա մարզուհու խոսքով՝ ինքը սենյակում ջուր է խմել, իսկ մարզիչն իրեն ուշքի է բերել։
«Ես ինքս ինձ ասացի, որ չեմ ձախողվի և կանեմ դա»,- ասել է ռումինացին։
Կիրակի օրը՝ ապրիլի 16-ին, Եվրոպայի առաջնության ժամանակ գիտակցությունը կորցրել էր նաև թուրք ծանրորդուհին։
Մանրամսները՝ սկզբնաղբյուրում։
--00—ԼՄ