ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 24, 24News
ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանը հունվարի 23-ին ընդունել է Եվրոպական հանձնաժողովի Բնակչության պաշտպանության և հումանիտար օգնության գործողությունների հարցերով գլխավոր տնօրինության՝ Հարևանության, Մերձավոր Արևելքի, Հարավ Արևմուտքի և Կենտրոնական Ասիայի հարցերով տնօրեն Անդրեաս Պապակոնստանտինուի գլխավորած պատվիրակությանը։ Հանդիպմանը մասնակցել է նաև Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար Վասիլիս Մարագոսը։ Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ-ից:
Անդրեաս Պապակոնստանտինուն շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և նշանակման կապակցությամբ շնորհավորել է Արմեն Ղազարյանին։
Փոխնախարարը ողջունելով ներկաներին՝ կարևորել է աղետների ռիսկի կառավարման, մասնավորապես՝ աղետների ռիսկի նվազեցման, արտակարգ իրավիճակներին արագ արձագանքման ուղղություններով կարողությունների զարգացումը, պատրաստվածության մակարդակի բարձրացումը և մի շարք այլ ուղղություններով համագործակցության ընդլայնումը։
Նա ներկայացրել է ՆԳ նախարարությունում ընթացող բարեփոխումների շրջանակում Փրկարար ծառայության կառուցվածքային և ֆունկցիոնալ փոփոխությունների ուղղությամբ իրականացվող աշխատանքներն ու առաջնահերթությունները։
Փոխնախարարը շեշտել է, որ աղետների ռիսկի կառավարման համակարգի շարունակական զարգացումը և դիմակայունության բարձրացումը ՆԳ նախարարության գերակա ուղղություններից են։
Անդրեաս Պապակոնստանտինուն և Վասիլիս Մարագոսը կարևորել են ՆԳ նախարարի տեղակալի ներկայացրած ուղղությունները՝ պատրաստակամություն հայտնելով աջակցել այդ ուղղություններում արդյունքների գրանցմանը։
Այս համատեքստում կողմերը հատկապես ընդգծել են աղետներից պատրաստվածության մակարդակի բարձրացման, աղետների ռիսկի գնահատման, ինդեքսավորման և ստացված տվյալների վերլուծության, աղետներից ապահովագրական գործուն համակարգի ներդրման, արտակարգ իրավիճակներում փրկարար կամավորական ինստիտուտի զարգացման հարցերի կարևորությունը և համագործակցության զարգացումը։
Կողմերն անդրադարձել են ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց վերաբերյալ գործընթացներում թիրախային խմբերի հետ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության անձնակազմի իրականացրած ծավալուն աշխատանքին՝ երկուստեք ընդգծելով թե՛ ծառայողներին, թե՛ քաղաքացիներին հոգեբանական աջակցություն տրամադրելու անհրաժեշտությունը։
Հանդիպման ընթացքում քննարկվել են ԵՄ ընթացիկ ծրագրերը՝ մասնավորապես PPRD East 4 ծրագրի նախագծին վերաբերող հարցեր։ Անդրադարձ է կատարվել ԵՄ Քաղաքացիական պաշտպանության մեխանիզմին (UCPM), Փրկարար ծառայությանը տեխնիկական աջակցության տրամադրմանը, ծառայողների կարողությունների շարունակական զարգացմանը և այլն։
Կողմերը պատրաստակամություն են հայտնել շարունակելու փորձի փոխանակումը և զարգացնելու համագործակցությունը բնակչության պաշտպանության և աղետների ռիսկի կառավարման ոլորտում։
--00—ՍՊ