ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 24, 24News
«Ռազմագերիներին վերադարձնելու հարցը կարծես առաջնահերթություն չէ Փաշինյանի կառավարության համար», - The Armenian Report-ին տված հարցազրույցում կարծիք է հայտնել մեկ տարուց ավելի Բաքվի բանտում պահվող Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի ամերիկացի փաստաբանը: Շուրջ 20 տարվա փորձ ունեցող իրավապաշտպան Ջարեդ Գենսերը, որ հարյուրավոր քաղբանտարկյալների շահերն է ներկայացրել տարբեր երկրներում, այս համոզմանն է եկել վարչապետ Փաշինյանի հայտարարություններից, փոխանցում է «Ազատությունը»։
«Այն հայտարարությունները, որ նա արել է Ռուբենի և մյուսների մասին, ցույց են տալիս, որ նրանց վերադարձնելու հարցը առաջնահերթություն չէ։ Դա հիասթափեցնող է, քանի որ Ռուբենը և մյուսները հայեր են, և կառավարության գործն է օգնել իր քաղաքացիներին, ովքեր այլ երկրում հայտնվել են վատ վիճակում։ Իրականում հենց Հայաստանի կառավարությունը պետք է այլ երկրների կառավարություններին կոչ աներ ազատ արձակել քաղաքական բանտարկյալներին և ռազմագերիներին։ Բայց կարծես այս հարցն առաջնահերթություն չէ նրանց համար», - ասել է Գենսերը:
Ոչ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և ոչ էլ Արտաքին գործերի նախարարությունն առայսօր չեն դատապարտել Բաքվում ավելի քան մեկ տարի գերի պահվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության դատավարությունն ու նրանց առաջադրված տասնյակ ծանրագույն մեղադրանքները։
Ավելին՝ սկզբանղբյուրում։
--00—ՍՊ