ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 24, 24News
ՀՀ հատուկ հանձնարարություններով նախկին դեսպան Էդմոն Մարուքյանը գրում է․
«Իրանի ռազմավարական հարցերով փոխնախագահ Մոհամադ Ջավադ Զարիֆը Դավոսի Համաշխարհային տնտեսական ֆորումի շրջանակներում հայտարարել է, որ պաղեստինյան հարցի միակ լուծումը կենսունակ պաղեստինյան պետության ստեղծումն է։ Զարիֆն ընդգծել է, որ մինչև այդ լուծմանը հասնելը դիմադրությունն ու նոր խմբերի առաջացումը շարունակվելու են՝ անկախ Իրանի աջակցությունից։ Նա նաև նշել է, որ Իրանը մշտապես աջակցել է ժողովուրդների պայքարին իրենց իրավունքների և ինքնորոշման իրավունքի համար, սակայն այդ աջակցությունը դիմադրության պատճառ չէ. այն առաջանում է օկուպացիայի, ագրեսիայի և մարդու իրավունքների խախտումների հետևանքով։
Մի՞թե չկա գեթ մեկ հայ պաշտոնյա, ով Դավոսի Համաշխարհային տնտեսական ֆորումում կամ այլ միջազգային հարթակում կկարողանար նույն կերպ բարձրացնել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների հարցը: Խոսքը բնավ անկախ պետություն պահանջելու մասին չէ, այլ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի՝ իր հայրենիքում ապրելու և արարելու իրավունքի մասին։
Եթե մենք չենք բարձրացնում մեր հարցերը, դա չի նշանակում, որ Ադրբեջանը չի բարձրացնում մեր դեմ օրեցօր ավելացող պահանջները։ Այդ պահանջներին դիմակայելու միակ տարբերակը մեր օրակարգը ձևավորելն ու այն ամեն գնով առաջ մղելն է։ Հակառակ դեպքում մենք միայն լսելու ենք, թե ինչ են մեզանից պահանջում, և քննարկելու ենք, թե ինչպես կարող ենք դա կատարել»։
--00—ԼՀ