Ո՞վ է վերջապես հովանավորում 7.2 տրիլիոն դրամի հասնող խաղադրույքների ընդունման բիզնեսը․ տնտեսագետ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 6, 24News

դդ

Տնտեսագետ Հրայր Կամենդատյանը գրում է․

«Ո՞վ է վերջապես հովանավորում 7.2 տրիլիոն դրամի հասնող խաղադրույքների ընդունման բիզնեսը և  կարո՞ղ են արդյոք աղքատացող երկրի մոլախաղի մասնակիցները 2.5 մլրդ դոլարի խաղադրույքներ կատարել։

Հարցի վերաբերյալ կան մի քանի  հանգույցներ։

Հանգույց համար 1
1. ՔՊ վարչախմբի մի երիտասարդ բացառիկ ազգանվեր նախաձեռնություն է հանդես բերում և ԱԺ հանձնաժողովներում, բուլդոզերի ուժ հիշեցնող հանձնառությամբ, սկսում է ակտիվ պայքար, որն ավարտվում է երկու արդյունքով․

Ա. Հայաստանում չգրանցված եվ չլիցենզավորված խաղային բիզնեսի արտասահմանյան օնլայն  տնտեսվարողներին որոշում են խլացնել և փակել նրանց մուտքը Հայաստանի տարածք։
Բ. Հայաստանում գրանցված, լիցենզավորված խաղային չորս տնտեսվարողների հարկը որոշում են կամաց-կամաց բարձրացնել։

Առաջին հանգույցում բեմականությունը հստակ ավարտվում է և, ընդամենը մեկ սխալ է շպրտում դեպի հանրային դաշտ։Դա մեկ կեղծ շահումի վերաբերյալ քպ պատգամավորի պնդումն էր, որն իր մեջ պարունակում էր ողջամիտ կասկածներ, թե ինչպես է բանկային գաղտնիքի առկայությամբ երկրում ինչ-որ մեկն իմացել կեղծ շահում ստացած քաղաքացու բանկային և վարկային շարժը։

Հանգույց համար 2

2. ՔՊ առաջնորդը մեծագույն պաթոսով ԱԺ նիստի ընթացքում հայտարարում է, որ ինքը շատ բարձր է գնահատում երիտասարդ պատգամավորի ջանքերը և խոստովանում, որ ինքը տրամադրված է շատ ռադիկալ և առաջին իսկ քննարկման ժամանակ որոշել է «երկու ոտքը մեկ կոշիկի մեջ դնելու» սկզբունքով արմատախիլ անել խաղային ինդուստրիան, որովհետև դա հանրային անվտանգությունը խաթարող չարիք է։ Ժողովրդի դարդով տապակվող քպ առաջնորդի խոսքը ավարտվում է հետևյալ երեք արդյունքով։

Ա. Խոստովանում է որ իր ռադիկալ քայլը չեղարկվել է, որովհետև ինչ-որ քննարկումների արդյունքում ինքը հասկացել է ,որ իր պատկերացրածը ճիշտ քայլ չէ։Այսինքն ինչ-որ քննարկման մասնակիցները համոզել են նրան՝ չգնալ ռադիկալ քայլերի իբրև։ Հետաքրքիր է՝ ովքե՞ր են եղել այդ համոզողները։

Բ.Հայտարարում է ինչ-որ նորահայտ «օպերատոր» ստեղծելու մասին, որը պետք է համակարգի խաղային ինդուստրիայի տեղական չորս կազմակերպությունների գործունեությունը։ Փաստացի տեղական չորս կազմակերպությունների կողքին հայտնվում է ևս մեկը , որի անունը կլինի «Օպերատոր»։

Գ. Խոստանում է՝ ամենադաժան կերպով պատժել «Օպերատոր» կոչվածի դեմ  լոբբինգ անողներին, այդպես էլ չմանրամասնելով , թե ո՞վ կարող է պետական կարգավորման դեմ հանդես գալ և հակառակ լոբբինգ իրականացնել պետական համակարգում։

Ձեռքի հետ էլ խոստանում է՝ անընդհատ բարձրացնել ներքին չորս խաղային գործունեություն ծավալողների հարկերը։

Իհարկե զվարճալի այս հրատապ քննության  նկատմամբ շատերը տարակուսանք ունեն , թե ովքե՞ր են այս միջոցառման հիմնական շահառուները և ո՞ւմ դեմ է դա ուղղված,և վերջապես «ռադիկալ» տրամադրվածն ինչո՞ւ ռադիկալ չի դառնում:

Սկսենք արդյունքներից

1. Խաղադրույքների ընդունման ներքին շուկան մենաշնորհվում է և դրսի օնլայն կազմակերպությունները հեռացվում են։
2.Ստեղծվում է «Օպերատոր» կոչված մի ֆիլտր, որի օգնությամբ իշխանությունները  համակարգային մոնիտորինգի գործիք են ձեռք բերում։ Իսկ ո՞վ է մոնիտորինգ անելու «Օպերատոր»-ին ,հայտնի չէ և չի լինելու )))։

3. հանրային անվտանգությունը վտանգի տակ դրած խաղային ինդուստրիան ոնց կար , նույն կերպ շարունակելու է իր գործունեությունը արդեն առանց ռադիկալ քայլերի սպառնալիքների։

Որպես վերջաբան։

Արդյոք կարելի է պատկերացնել մի վիճակ, երբ Կոլումբիայի քաղաքացին հայկական օնլայն կազինոյում շահում է մեկ հազար դրամ և դա այն գումարն է, որը պարտվել է նույն կազինոյում նույն օրը որևէ արատավոր քաղաքացի:

Այս ամենը ունի միայն  մեկ լուծում՝ Հայաստանում խաղային ինդուստրիան պետք է արմատախիլ արվի և վերջնական դադարի գործել»։


 

--00—ՍՊ